Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը լարվեց. մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին շենք

Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը, արցախցիների ճնշման ներքո այսօր լռությունը խախտեց Արցախի լուծարման հրամանագիրն ստորագրած նախագահը՝ Սամվել Շահրամանյանը։

«Արցախի Հանրապետությունը լուծարված չի, ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը, սրան ես պատասխանը տալու եմ հանրային ձևով, առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ, և այդ փաստաթղթին, և այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով, որ ամսի 20-ին՝ 24 ժամ հետո, ռազմական գործողությունները կանգնել են։

Որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը», - պնդեց նա։

Արցախի վերջին նախագահը շեշետեց՝ շատ բան խոսել չի կարող լրատվամիջոցների ներկայությամբ, պատրաստ է առանձին փակ հանդիպման. - «Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ սա Հայաստանի Հանրապետությունն է, և մենք ՀՀ ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»։

Ի՞նչ եք մեզ հետ խոսելու, եթե Հայաստանի իշխանությունը չի վստահում Ձեզ, ընդհատեցին Սամվել Շահրամանյանին։

Այսօր առավոտից էին արցախցիները հավաքվել իրենց ներկայացուցչության շենքի առջև, պահանջում էին, որ Արցախի իշխանավորները, որ մեծ տեղահանումից հետո այս շենքում են լինում, իջնեն ու պատասխան տան՝ ինչպե՞ս է, որ վերնախավը տնավորվել ու ունեցվածք է կուտակել, իրենք անտուն փողոցներում են։

«Տուն չունենք, տեղ չունենք, էդի ջհանդամը, հայրենիք չունենք, գլխավորը՝ մենք առանց հայրենիք ենք մնացել», - ասաց քաղաքացիներից մեկը։

Արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների գույքը, որ նրանք ձեռք են բերել Հայաստանում, թող իրավապահներն ստուգեն հատ-հատ, պահանջում էին բողոքի ակցիայի մասնակիցները. - «Կոչ եմ անում ՀՀ իշխանությանը, դատախազությանը, ոստիկանությանը, բոլորին՝ թող իրենք պարզեն՝ ինչ ձևով են նրանք ձեռք բերել այդ տները, բռնագրավում են այդ տները, տալիս են առաջինը՝ զոհվածի ընտանիքներին, եթե օրենքը թույլ է տալիս բռնագրավել»։

Ցուցարարները ամենաշատն Արցախի ներդրումային հիմնադրամի անունն են տալիս։ Այդ կառույցը, պնդում են, փողեր է տվել շատ կոնկրետ մարդկանց։

Ցուցարարները ներկայացուցչության շենք ներխուժեցին, և Արցախի նախագահը երկու անգամ նրանց ճնշմամբ բակ իջավ՝ երկրորդ անգամ նա ընդամենը միասնության կոչ արեց, ոչ մի բառ չասաց հիմնադրամի գործունեության կամ հավաքվածների գլխավոր՝ մեծահարուստների գույքն ստուգելու պահանջի վերաբերյալ։

«Այն, ինչն օրինական պահանջ է ձեր կողմից, ես ձեր կողմը կանգնած եմ, այն, ինչը անօրինական է, ես չեմ կարող այդ ամեն ինչում ներգրավվեմ»։

Ոչ մի հարցի պատասխան, նույն 30 տարվա զրույցը լսեցինք, դժգոհում էին հավաքվածները. - «Այդ 30 տարվա կտերն են, որ մեզ ուտեցնում են, ուղարկում տները նորից»։

Այդ դժգոհության ալիքը հասավ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Նա մեքենայով ցույցի մասնակիցների մոտ հայտնվեց, արցախցի մի խումբ տղամարդիկ նախ նրան քաշքշեցին, ծեծեցին, ապա ջարդեցին Կարեն Շահրամանյանի մեքենան։ Պնդում էին, որ այն ձեռք է բերել Արցախի մեծ աղետից հետո։

4 արցախցի այժմ ոստիկանության Արաբկիրի բաժնում է այս գործով։

Բողոքի ակցիայի վայրում էր Նարե Սիմոնյանը, որ ակտիվ մասնակցում էր սեպտեմբերի 19-ից Երևանում սկսված հանրահավաքներին։ Ասաց՝ թույլ չի տա, որ Արցախը ներկայացնող այս վերջին շենքի դռները կոտրեն մարդիկ։ Վստահ է, որ այս հավաքն ուղղորդված է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից։

«Ես չեմ թույլ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի», - նշեց նա։

Ցուցարարները նրան ընդհատեցին՝ պնդելով՝ այստեղ կուսակցականներ չկան, կան արդարություն պահանջողներ։