Իսրայելում 14-րդ օրն է շարունակվում է պատերազմը: Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հատվածում «Համաս»-ի դեմ սպասվող ցամաքային գործողությունից առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հրահանգել է «պատրաստ լինել»:
«Նրանք, ովքեր հիմա հեռվից են նայում Գազային, այն կտեսնեն ներսից: Ես դա ձեզ խոստանում եմ», - հայտարարել է Գալանտը:
Առայժմ պարզ չէ՝ կոնկրետ երբ կսկսվի ցամաքային գործողությունը: Դրան, ինչպես ակնկալվում է, մասնակցելու են ցամաքային զորքերի տասնյակ հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև տանկեր և հատուկ ջոկատայիններ՝ օդուժի և հրետանու աջակցությամբ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հանդիպել է Գազայի հատվածի սահմանի մոտ գտնվող զինծառայողներին: X սոցիալական ցանցում նա տեսանյութ է հրապարակել՝ գրելով. - «Մարտիկների հետ: Պատրաստ ենք»:
Հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելի և «Համաս»-ի միջև արյունալի հակամարտության ընթացքում զոհվել են առնվազն 1400 իսրայելցիներ, 4 հազարից ավելի պաղեստինցիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ կան, «Համաս»-ը պատանդառել է շուրջ 200 իսրայելցու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը վերջին պատրաստություններն է տեսնում Գազայում ցամաքային հարձակումից առաջ