Կահիրեն պաշտոնապես հայտարարում է, որ չի ընդունի Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում։
Ալ-Սիսիի համոզմամբ՝ փախստականների հետ երկիր կարող են ներթափանցել նաև արմատական իսլամիստներ։ Եգիպտոսի առաջնորդն առաջարկում է պաղեստինցի փախստականներին տեղափոխել Իսրայելի հարավ՝ Նեգև անապատ։ Ալ-Սիսսին նաև մտավախություն է հայտնել, որ Գազայի բնակչությանն ընդունելու դեպքում եգիպտական Սինայի թերակղզին կարող է դառնալ «նոր բազա Իսրայելի վրա հարձակումների համար»։
«Եգիպտոսը մերժում է Պաղեստինի հարցը ռազմական ճանապարհով լուծելու կամ պաղեստինցիներին իրենց հողերից բռնի տեղահանելու ցանկացած փորձ՝ տարածաշրջանի այլ երկրների հաշվին», - հայտարարել է Եգիպտոսի առաջնորդը։
Օլաֆ Շոլցն իր հերթին կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի խաղաղ բնակչությանը։
«Պաղեստինցիները «Համաս» չեն, և «Համասը» իրավունք չունի խոսել պաղեստինցիների անունից», - ընդգծել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի հեռացել է Գազայի հատվածից