Հայերի վերաինտեգրման Բաքվի ծրագիրը նախատեսված չէ հայերի և նույնիսկ ադրբեջանական ներքին լսարանի համար, այն նախատեսված է Արևմուտքի համար: Այսպիսի համոզմունք հայտնեց ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան, Ղարաբաղյան և ընդհանրապես հայ - ադրբեջանական հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսովը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:
Ադրբեջանի նախագահի համար, «իհարկե, գլխավորը ոչ թե պարզապես Ղարաբաղը վերադարձնելն է, այլ ցանկալի է՝ առանց հայերի վերադարձնելը», - նշեց Յունուսովը՝ շարունակելով. - «Ուրիշ բան, որ նա հասկանում է, որ կան խոշոր խաղացողներ՝ աշխարհաքաղաքական խաղացողներ, և այս դեպքում նա գործում է այնպես, ինչպես գործել է նախկինում՝ իր մշտական հայտարարություններով ժողովրդավարության, խոսքի ազատության և այլնի մասին: Նա դա ասում է ոչ թե այն պատճառով, որ դա իրեն շատ է դուր գալիս, կամ ուզում է դա, այլ՝ այն պատճառով, որ Արևմուտքում սա գոնե ֆորմալ առումով հիմնական անհրաժեշտ պահանջներից մեկն է՝ մարդու իրավունքներ և այլն, և նա անընդհատ դա կասի»:
Նույնը՝ Ղարաբաղի դեպքում, ընդգծեց ադրբեջանցի փորձագետը, ով նախկին քաղբանտարկյալ է՝ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում էին հայերի օգտին լրտեսության մեջ, և քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում: Իլհամ Ալիևը, ընդգծեց Արիֆ Յունոսովը, չի կարող բացահայտ ասել, որ «ինձ պետք չէ Ղարաբաղը հայերով, այլ պետք է Ղարաբաղը առանց հայերի». - «Նա չի կարող դա ասել, ուստի սկսվում են խաղերը հայերին վերաինտեգրելու ծրագրերի հետ՝ այն պարագայում, երբ հայերը արդեն այնտեղ չեն: Պարզ չէ, թե ում վերաինտեգրելու, բայց պարզ է, որ հայերի վերաինտեգրման այս ծրագիրը նախատեսված չէ հայերի և նույնիսկ մեր ներքին լսարանի համար, այն նախատեսված է Արևմուտքի համար, որպեսզի երբ լինի քննադատություն, կամ երբ արդեն կա քննադատություն, ասեն. - «Մենք չենք ցանկացել, իրենք իրենց կամքով են փախել, ընդհակահառակը՝ մենք նույնիսկ խնդրել ենք, որ մնան, իրենց սնունդ ենք տվել, բայց նրանք փախան: Իսկ մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մենք նույնիսկ վերաինտեգրման ծրագիր ունենք, նույնիսկ ունենք հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրներով: Ապահովված է բարձր մակարդակ: Այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք»:
«Սա քարոզչական պահ է, կրկնում եմ՝ այն նախատեսված չէ հայերի համար: Մենք իրատեսորեն հասկանում ենք, որ առանց անվտանգության ամուր երաշխիքների հիմա նրանց վերադարձնելն իրատեսական չէ՝ Ղարաբաղի հայերը չեն վերադառնա: Եթե ռուսները խաբել են նրանց, ապա առավել ևս չեն վստահի Ադրբեջանին: Բայց կա Արևմուտքը՝ խաղի կանոններ, որոնք պահանջում են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին գեղեցիկ խոսքերի հետ մեկտեղ նաև ասվի, որ մենք պատրաստ ենք հայերին ընդունել: Ահա և վերաինտեգրման ծրագիրը: Կրկնում եմ՝ սա Արևմուտքի համար է», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել ՍտեփանակերտումՀայերը կարող են վերադառնալ Ղարաբաղում իրենց տները․ ԱՄ դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչԸստ Բաքվի՝ Հովհաննես Խաչատրյանը մնացել է Արցախում, որ ինտեգրվի Ադրբեջանին. դուստրը պնդում է՝ հայրը փորձել է հեռանալ«Երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է»
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ֆորմալ առումով միջազգային արձագանք եղել է, եթե նկատի ունենանք, օրինակ, Եվրախորհրդարանի բանաձևը, նշեց Յունուսովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միշելի հետ զրույցում Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից ու Ֆրանսիայից, պահանջել «8 գյուղերը»Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի երեկվա բանաձևի վերաբերյալ հայտարարություն կընդունիԱնկարան դատապարտում է Ղարաբաղի հարցով Եվրոպական խորհրդարանի բանաձևը Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին«Երկու հիմնական կետ կար: Առաջինը վերաբերում էր գազային պայմանագրի վերանայմանը, քանի որ կասկածներ կան, որ ադրբեջանական գազի անվան տակ իրականում ռուսական գազ է մատակարարվում, ու պետք է որ հանձնաժողովը պարզի՝ դա ադրրբեջանակա՞ն գազ է, թե՞՝ ռուսական: Եթե դա ռուսական գազ է, ապա Ադրբեջանն օգնում է շրջանցել ռուսական գազի դեմ սահմանված պատժամիջոցները:
Երկրորդ կետն այն է, որ առաջին անգամ դրվեց պատժամիջոցների հարցը, ընդ որում՝ ոչ թե Ադրբեջանի դեմ որպես այդպիսին, այլ խոսքը անհատական պատժամիջոցների մասին է: Սա վերաբերում է Ալիևին, նրա ընտանիքին և, իհարկե, պաշտոնյաներին: Սա բավականին լուրջ բան է», - ասաց փորձագետը:
«Ուրիշ բան, որ կան պահեր, որոնք, ցավոք սրտի, մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ թերագնահատված են: Մեր հակամարտությունը և ընդհանրապես մեր տարածաշրջանը առաջնահերթություն չեն: Այն կարող է 10-րդ տեղը զբաղեցնել աշխարհի առաջնահերթությունների ցուցակում: Գլխավորը Ռուսաստանն է, գլխավորը Ուկրաինան է, գլխավորը Մերձավոր Արևելքն է, Իրանը, հիմա՝ Պաղեստինը: Իսկ մեր տարածաշրջանի նկատմամբ հիմնական մոտեցումը հետևյալն է՝ առճակատում է տեղի ունենում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Արևմուտքի խնդիրն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, և նրանք կարող են ժամանակավորապես աչք փակել շատ բաների վրա», - ասաց Յունուսովը՝ շարունակելով. - «Եվրոպայում «ռեալպոլիտիկ» հասկացություն կա, այսինքն՝ համակրանքը կամ հակակրանքը մի բան է, իսկ իրական շահերը՝ այլ բան: Իսկ իրական շահերը թելադրում են, որ այժմ գլխավորը Ռուսաստանի հետ կապված խնդիրները լուծելն է, քանի որ, ըստ էության, երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է»:
«Ալիևի գործողությունների հետևում, իհարկե, Ռուսաստանն է, Ադրբեջանը իր ամեն մի քայլը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ», - համոզված է ադրբեջանցի փորձագետը: - «Հիմա էլ, օրինակ, երբ իրականում եղել է հայ բնակչության լիակատար արտագաղթ Ղարաբաղից, [...] հարց է առաջացել՝ կապված մեր տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության հետ՝ հիմա՞ ում են պաշտպանելու: [...] Հայերից մարդ չկա: Սա նշանակում է, որ նրանք պետք է հեռանան: Եվ հիմա մենք տեսաք, թե ինչպես են նոր պատճառներ գտել՝ պարզվում է, որ այնտեղ շատ զենք է մնացել, որ պետք է հսկեն համատեղ ադրբեջանական և ռուսական զորքերը: Քանի որ սա ակնհայտորեն բավարար բացատրություն չէր, Ալիևն օրերս ասաց, որ ինչ-որ հայ պարտիզաններ դեռ շրջում են այնտեղի անտառներում, ահա թե ինչու ռուսական զորքերը կմնան այնտեղ: Նույնիսկ մի անգամ մեր լրագրողներին կատակով ասացի, որ հայերի նոր կատեգորիա է հայտնվել՝ անտառահայեր. ոչ ոք չգիտի, թե ովքեր են նրանք, բայց նրանք մի տեսակ սարսափելի մարդիկ են, որոնք շրջում են այնտեղ, և հանուն այս հայերի ռուսական զորքը պետք է մնա մեր տարածաշրջանում: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի գործողությունները կապված են Ռուսաստանի հետ»:
«Եվրոպան դա հաշվի է առել, ուստի քանի դեռ ռուսական հարցը չի լուծվել, իրատեսական չէ Եվրոպայից կամ հատկապես ամերիկացիներից, որոնք ընդհանրապես մի փոքր այլ մոտեցում ունեն, լուրջ արձագանք ակնկալել», - նշեց Արիֆ Յունուսովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Խաղաղապահները բարեխիղճ կատարել են իրենց առաքելությունը լիազորությունների շրջանակում». ՊուտինՀայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին«Ղարաբաղում դեռ որոշ հայկական զինված խմբեր կան». Ադրբեջանի նախագահ«Կարմիր գիծը կարող է լինել, եթե Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի դեմ»
Յունուսովը համամիտ չէ բրիտանացի փորձագետ Թոմաս Դը Վաալի հետ, թե սեպտեմբերի 19-20-ը ռազմական ուժ կիրառելով Լեռնային Ղարաբաղում՝ Ալիևը, ըստ Արևմուտքի, հատել է «կարմիր գծերը», և Բրյուսելը, Վաշինգտոնը ցնցված են ու իրենց խաբված են զգում:
«Ասել, որ այդ գործողությունները շոկ են առաջացրել՝ Ալիևի դեպքում դա լուրջ չէ: Առաջին անգամը չէ, շոկ լինում է, երբ առաջին անգամ է ինչ-որ բան պատահում, և դու սպասում ես մի բանի, որը հատուկ քեզ խոստացվել է: Իսկ սա տարիներ շարունակ եղել է՝ կարելի է հիշել Մադրիդյան գործընթացը, ի դեպ, հիշենք, թե ինչ ակնկալիքներ ուներ նույն Թոմասը: Մի անգամ նրա հետ բանավիճել եմ Կազանի հանդիպմանն ընդառաջ. հիշո՞ւմ եք՝ 2010-ին նա հավատում էր, իսկ ես ասացի, որ չի լինի, որ Ալիևը կգա և ինչպես միշտ փոփոխություն կմտցնի, և հանդիպումը կձախողվի, և այդպես էլ եղավ: Սա ձգվում է տարիներ շարունակ, այնպես որ, առաջին հերթին, ես չէի ասի, որ դա շոկ էր. նրանք հերթական անգամ բավականին տհաճորեն զարմացած էին, բայց դա շոկ չէ», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:
«Երկրորդ՝ կարմիր գիծ չկա. կարմիր գիծը նշանակում է, որ դրանից հետո դուք պատրաստ կլինեք ինչ-որ պատասխանի, բայց Ղարաբաղն ամենևին էլ կարմիր գիծ չէ: Կարմիր գիծը կարող է լինել, եթե Ադրբեջանը սկսի հարձակում գործել Հայաստանի դեմ՝ սա ինչ-որ տեղ կարմիր գիծ կլինի, որովհետև եթե Ղարաբաղում կարելի է ասել, որ դա դեռ Ադրբեջանի ներքին խնդիրն է, մարտերը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում՝ իրավաբանորեն սա ադրբեջանական տարածք է, ապա եթե դա լինի, ասենք, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, կարևոր չէ՝ որտեղ և ինչ, և դա արդեն կլինի Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ, այդ դեպքում՝ միգուցե, բայց, շեշտում եմ, ես դարձյալ այնքան էլ վստահ չեմ, բայց միգուցե ավելի արդյունավետ քայլեր կարելի է ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, այն էլ՝ ոչ այնքան ամերիկացիների կողմից՝ ես նրանց նկատմամբ շատ թերահավատ եմ, որքան՝ եվրոպացիների կողմից», - ասաց Յունուսովը:
Իսկ գործողությունները, նրա կարծիքով, կլինեն պատժամիջոցների տեսքով. - «Այսինքն՝ ասել, որ Ադրբեջանի դեմ զորքեր կամ ավելի լուրջ բաներ են ուղարկվելու, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ճիշտ չէ: Միգուցե, ինչպես հիմա տեսնում ենք՝ ֆրանսիացիները սկսում են օգնել Հայաստանին, օրինակ՝ ռազմական տեխնիկայով կամ հետախուզության ոլորտում, սակայն առայժմ դա ավելի շատ բառերի մակարդակով է»:
«Առայժմ հայ - ադրբեջանական սահմանը կամրապնդվի եվրոպական դիտորդական առաքելության կազմը երկու անգամ, եթե ոչ՝ չորս անգամ ընդլայնելով: Երկրորդ՝ Ալիևի վրա գաղտնի կերպով ճնշում է գործադրվում, որպեսզի նա չշարունակի ծառայել որպես գործիք Պուտինի ձեռքին», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պետդեպը հերքում է, թե Բլինքենը հայտարարել է Հայաստան Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին. «Արմենպրես»Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր. Կատրին ԿոլոննաՀարձակվելով Ղարաբաղի վրա Ալիևը հատել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գծած կարմիր գիծը՝ դրժելով ուժ չկիրառելու խոստումները․ Դը Վաալ
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.