Վարչապետի հրաժարականի պահանջով անցկացված հանրահավաքների ավելի քան 30 մասնակից կալանավորված է

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված հանրահավաքների ավելի քան 30 մասնակից կալանավորված է, նրանցից 26-ը Նուբարաշենի բանտում են, մեծ մասը՝ ուսանողներ։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մասնակցելու համար՝ բռնություն գործադրելու, իրենց մոտ սառը զենք պահելու հոդվածներով։

«Ինչո՞ւ պետք է գտնվեն կալանավայրում, եթե առնվազն 2022 թվականից ի վեր մենք ունենք նաև տնային կալանք խափանման միջոց և խափանման միջոցների բազմազանության թվում հենց կալանավորումն ամենածանրն է», - ասաց կալանավայրերում դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը Նուբարաշենի բանտում է տեղեկացել, որ պահվող 26 մեղադրյալների մեծ մասն ուսանողներ են։ Ինչո՞ւ են իրավապահները ընտրել հենց ամենախիստ միջոցը՝ կալանքը, ահազանգում է իրավապաշտպանն ու ընդգծում՝ արդյո՞ք հաշվի առել են նրանց կրթության իրավունքը, այն, որ նրանք ուզած-չուզած առնչվում են բանտային վատ մթնոլորտին, ինչն էլ հետագայում կարող է ազդել նրանց հոգեբանության վրա։

Այն, որ կալանքը պետք է ընտրվի ծայրահեղ դեպքում, օրենքի պահանջ է՝ նկատում է Հոհվաննիսյանն ու հավելում՝ Հայաստանում, ցավոք, կալանքը շարունակում է կիրառվել որպես պատժիչ մահակ՝ ազդելու մեղադրյալի քաղաքական հայացքների վրա, ճնշելու, ստիպելու հրաժարվել որոշակի գործողություններից։ Իրավապաշտպանը հիշեցնում է հնչեղ գործերը, որոնցով մեղադրյալ նախկին իշխանականները, այդ թվում՝ նախկին նախագահները, ազատության մեջ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհնազանդության ակցիաներ, երթեր. ընդդիմության ցույցերն այսօր շարունակվեցին

«Եթե համեմատում ես նաև այն հնչեղ գործերի հետ, որոնց պարագայում այդ անձինք իսկապես ազդեցիկ են, իսկապես թե՛ ֆինանսապես, թե՛ իրենց քաղաքական դիրքով բավականին լուրջ ազդեցություն են ունենում տարբեր խմբերի վրա և նրանք ընդհանրապես կալանքի տակ չեն, համեմատած այս դեպքերի, դա ուղղակի զարմանալի է», - նշեց դիտորդը:

Փաստաբան Արսեն Բաբայանի համար զարմանալի չէ իրավապահների այս ձեռագիրը։ Պնդում է՝ եթե անգամ կա հիմնավոր կասկած, որ մեղադրյալները կատարել են այդ արարքը՝ կարող էին ընտրել տնային կալանքը, որը անցած տարվա օրենքի դրական փոփոխություններից է։

«Ասում են՝ քանի որ նորից հանրահավաքներ են շարունակվում, այդ հանրահավաքներին կմասնակցեն և կկատարեն նորից հանցավոր արարք, այն դեպքում, երբ որ հանրահավաքներ, կես կատակ, կես լուրջ, դատարանում ասացի, որ հանրահավաքներ տեղի չեն ունենում, դատավորներից մեկն այդ հիմքը ընդունեց, այդ մի հոգու վերաբերյալ ասաց՝ նոր հանցանք չի անի, որովհետև հանրահավաքներ տեղի չեն ունենում: Վերջապես ազդելը, ո՞ւմ վրա պիտի ազդի, եթե 30 տեսախցիկներ միայն իրենց բերած նկարներում կա, տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անում, ոստիկաններ կան, էդ ո՞ւմ նկատմամբ պիտի ազդեցություն կիրառի», - նշեց փաստաբանը:

Բաբայանի 5 պաշտպանյալներից երեքը կալանքի տակ են։ Պնդում է՝ նրանցից մեկն անգամ հավաքին չի էլ մասնակցել, այլ տարածքում է եղել և փորձել է կանխել ոստիկանների կողմից անչափահաս տղայի ծեծը՝ ընդամենը քաշելով ոստիկանի հագուստից։ Նրան այժմ մեղադրում են ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերել են սառը զենքեր

«Վախեցնում են համատարած բոլորին, սրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են, ցույց են տալիս, որ եթե հանրահավաքին մասնակցեք 4-8 տարի ազատազրկման կարող եք դատապարտվել, որովհետև այդ դրված հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Արհեստական վախեր են ստեղծում մարդկանց մոտ, որ մարդիկ հանրահավաքներին չմասնակցեն, մինչդեռ այդ 4-8 տարին գոյություն չունի, որովհետև որևէ դեպքում դա չի հիմնավորվում», - ասաց Արսեն Բաբայանը:

Հանրահավաքների գործերը քննող Քննչական կոմիտեում, սակայն, պնդում են՝ ամեն ինչ արվում է օրենքով։ Վիճակագրության համաձայն, կա 35 գործ 48 մեղադրյալ, կալանքի տակ են 31-ը։ Մեղադրյալների շարքում են նաև նրանք, որոնց մոտ իրավապահները սառը զենք են հայտնաբերել կամ նրանք, որոնք քարեր ու շշեր են նետել կառավարության շենքի վրա՝ ջարդելով ապակիները։

Անկախ այս արարքներից, իրավապաշտպանները պնդում են՝ կա տնային կայանքի տարբերակը և ամենևին պարտադիր չէ մարդուն պահել ճաղերի հետևում։

Your browser doesn’t support HTML5

Վարչապետի հրաժարականի պահանջով անցկացված հանրահավաքների ավելի քան 30 մասնակից կալանավորված է