«Բաքվի՝ ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է»․ Հաագայում մեկնարկել են լսումները

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտեց՝ 9 ամիս առաջ, կանգնած այստեղ, նախազգուշացրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր է իրագործում։

«Տիկին նախագահ, մեծ ցավով եմ այսօր ես ասում, որ դա հիմա արդեն իրականություն է։ 9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները և, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա, ցինիկաբար այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9-ամսվա ընթացքում առաջին անգամ՝ մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող հայերին դուրս թողնի այնտեղից», - հայտարարեց Կիրակոսյանը։

Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել՝ Կիրակոսյանը շեշտեց՝ այսօր Լեռնային Ղարաբաղում գրեթե հայեր չկան։

«Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը», -ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։

Ադրբեջանն իր գործողություններով բազմիցս ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները, նաև հայտարարեց Կիրակոսյանը՝ շեշտելով՝ տվյալ հանգամանքներում Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել էթնիկ զտումների շարունակությունը՝ երաշխավորելով նաև հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը, կանխելով դրանց ոչնչացումը, մի բան, որ արվել է Նախիջևանում, արվում է Ադրբեջանի այլ մասերում, ինչպես նաև պաշտպանել Լեռնային Ղարաբաղում կալանվորված ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու մեղադրանքներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներին

«Եթե միջանկյալ որոշումները անորոշություն են պարունակելու, Ադրբեջանը դրանք կշահագործի և դրանով կապահովի ԼՂ-ում հայկական էթնիկ ներկայության և պատմության մշտական ոչնչացումը։ Այսպիսի հանգամանքներում ենք արդեն 3-րդ անգամ դիմում դատարանին», - ասաց Կիրակոսյանը։

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Մանրամասներն՝ ավելի ուշ