Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և «այսօր ԱԽ-ին խնդրում է իր պատասխանատվությունն ստանձնել բանաձևի համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծել»։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան երկրի Սենատում ելույթի ժամանակ։
Դա, ըստ նրա, պետք է տեղի ունենա «երաշխիքներով՝ նրանց պատմական և մշակութային իրավունքի ամուր երաշխիքներով և միջազգային մշտական ներկայությամբ, որին ուղղված են մեր ջանքերը»։
Նա ընդգծել է, որ, ինչպես էլ փորձեն ներկայացնել իրավիճակը, այդուհանդերձ, «այո, Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակչության ելքը»։
«Խոսքը ծայրաստիճան լուրջ ակտի մասին է, հանցագործության, և մի հանցագործության, որը չի կարող անարձագանք մնալ», - ընդգծել է Կոլոննան։
«Մեր համոզմունքն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները կարող են լուծում գտնել միայն բանակցային գործընթացի և արդարացի ու տևական խաղաղության միջոցով։ Դա է պատճառը, որ Ֆրանսիան սատարում է Եվրամիության միջնորդական ջանքերը, պահանջով, որ որևէ զիջում չարվի միջազգային իրավունքի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Եվ զուգահեռաբար, այո, մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանին, ինչպես և անում ենք, և ետ պահել Ադրբեջանին ուժի ճանապարհից։ Չկա այլընտրանք խաղաղության երաշխավորմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր բնակիչների», - ասել է Կատրին Կոլոննան։
Բաքուն հասցրել է արձագանքել
Ադրբեջանի արտգործնախարարության պնդմամբ՝ հայտարարությունը, որ «հայերի՝ Ղարաբաղի շրջանը կամովին լքելն իբր ծրագրված էր Ադրբեջանի կողմից», ցույց է տալիս, որ «Ֆրանսիան շահագրգռված է իր նենգ և երազկոտ քաղաքականությունը շարունակելով՝ հակառակ միջազգային կազմակերպությունների կարծիքին և նույնիսկ Հայաստանի վարչապետի սեպտեմբերի 21-ի հայտարարությանը»:
Բաքուն «ևս մեկ անգամ հիշեցնում է ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշման լեզվով խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տալու, և նման ապակառուցողական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն»։ «Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ բոլոր քայլերը վճռականորեն կկանխվեն», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։