Հայկական կողմը «չի հրաժարվում խեղաթյուրված մեկնաբանություններից»․ Բաքվի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

Հայկական կողմը «չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։

Կրկնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած հայտարարությունը, թե սեպտեմբերի 20-ից հետո խաղաղության հաստատման մեծ հնարավորություններ կան՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ «ակնկալում ենք, որ Հայաստանը զերծ կմնա միջամտությունից և տարածքային պահանջներից մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ»։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց՝ հավելելով՝ Հայաստանն էլ 8 գյուղերի խնդիր ունի։

«Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտում, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021-ին և ասել ենք՝ եկեք որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Պաշտոնական Բաքուն «բացարձակ սուտ» է որակում Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել։

«Սրանով Երևանը ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ», - ասված է հայտարարությունում։

Դելիմիտացիայի հարցում վարչապետը երեկ խոսեց, օրինակ, 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է հայտնի 1975 թվականի քարտեզների մասին


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանի կողմից վկայակոչված 1975 թվականի քարտեզ գոյություն չունի։

«Ընդհանուր առմամբ, ըստ փորձի, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվեն, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա՝ ներառյալ երկու երկրների կողմից այս կամ այն ձևով հաստատված: Իր տարածքային հավակնությունների պատճառով Հայաստանը դեռևս չի սահմանազատել իր սահմանները հարևաններից որևէ մեկի հետ, և այն պնդումը, որ սահմանազատումը պետք է իրականացվի միայն մեկ քարտեզի հիման վրա, ինչպես պնդում է Հայաստանը, հակասում է որևէ տրամաբանության», - ասված է հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելի հետ զրույցում Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից ու Ֆրանսիայից, պահանջել «8 գյուղերը»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Stratfor. «Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժմանը նախորդող հռետորաբանությունը»




.