Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում ևս մեկ դիտակետ է փակել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապամոնտաժումը դիտակետերի օպտիմալացման շրջանակներում է։
Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները «Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
Խաղաղապահները իրենց պատասխանատվության գոտում «հրադադարի խախտումներ չեն արձանագրել»։
«ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը», - ասված է հայտարարությունում։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը պնդում է՝ ռուս խաղաղապահներն անելիք ունեն Հարավային ԿովկասումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան․ Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան