Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ Երևանը նաև կարևորում է այդ ֆորմատում աշխատանքը։
Փաշինյանը պարզաբանեց՝ այնպես չստացվի, որ Հայաստանը տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում է հեռու տեղերում, և չի քննարկում այս տարածաշրջանում։
«Հասկանում ենք, իհարկե միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ կարևորում են հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թեհրանում: Երևանն, ըստ գործադիրի ղեկավարի, պատրաստ է, սակայն լրացուցիչ քննարկման հարցեր կան։
«Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսին է կողմերի ընկալումը՝ ինչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք», - ասաց Փաշինյանը նաև շեշտելով՝ չի եղել դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան Երևանի պատճառով:
Երկու շաբաթ առաջ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն՝ կարևորելով, որ «տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:
Օրերես աշխատանքային այցով Վրաստան մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում հայտարարեց, թե Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարեց, որ համաձայն է՝ խաղաղության համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ «Վրաստանը, այս գործընթացում միշտ պահպանում է չեզոք, անաչառ դիրքորոշում։ Մենք պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ համեստորեն նպաստելով հաշտեցման գործընթացին»,- ասաց Վրաստանի վարչապետը։ Սակայն Վրաստանում բանակցությունների ի՞նչ ձևաչափի մասին էին խոսում Ալիևն ու Ղարիբաշվիլին, բոլորովին նոր, թե «3+3» տարածաշրջանային հարթակի, չհստակեցվեց։
Երեկ Ալիևն այս ձևաչափի կարևորության մասին խոսեց նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ՝ կրկին շեշտելով՝ կարևոր է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով։
Այս ձևաչափով մինչ այս ընդամենը մեկ հանդիպում է եղել ՝ 2021-ի ավարտին ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է պատրաստ լինել գնալ «3+3» ձևաչափով աշխատանքի»․ քաղաքական մեկնաբան