Ադրբեջանը հայտարարում է՝ պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի հետ, Երևանը դեռ չի արձագանքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը, Թբիլիսիում երեկ հայտարարել է աշխատանքային այցով Վրաստան մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կարող է իրականություն դառնալ:

«Մենք լիովին համաձայն ենք, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի բարգավաճման տարածաշրջանի ժողովուրդների համար։ Վրաստանը, այս գործընթացում միշտ պահպանում է չեզոք, անաչառ դիրքորոշում։ Մենք պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ համեստորեն նպաստելով հաշտեցման գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրները, պետք է կարողանանք լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները», -ասել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսիում Ալիևն ավելացրել է, որ այժմ կողմերը պետք է ակտիվ աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վրա։ Անդրադառնալով միջնորդական ջանքերին, նա ընդգծել է, որ մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն ակնարկել է՝ բոլորը չէ, որ անկողմնակալ են։

«Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը, եթե դրանք միակողմանի ու կողմնակալ չեն: Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած օգնություն։ Սակայն, իմ կարծիքով, հաշվի առնելով թե՛ պատմական հարաբերությունները, թե՛ աշխարհագրական գործոնը, մենք կարիք ունենք ներգրավել Վրաստանն այս գործընթացում։ Շնորհակալ եմ վարչապետին, որ պատրաստ է աջակցել մեզ և առաջարկում է իր թեկնածությունը միջնորդի դերում: Կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է ակնկալել Հայաստանից և եթե Հայաստանը համաձայնի, ապա մեր համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես գալ Վրաստան՝ և՛ երկկողմ, և՛ եռակողմ հանդիպումների», - ասել է Ալիևը։

Վրաստանում բանակցությունների ի՞նչ ձևաչափի մասին են խոսում Ալիևն ու Ղարիբաշվիլին, բոլորովին նո՞ր, թե՞ «3+3» տարածաշրջանային հարթակի, որի առաջարկն արդեն վաղուց շրջանառվում է, ինչպե՞ս է Երևանն արձագանքել Թբիլիսիում հանդիպման առաջարկին: «Ազատությունը» դիմել է Արտգործնախարարությանը այս հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն Երևանը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չարձագանքեց։

Անցյալ շաբաթ իսպանական Գրանադա Ալիևը չմեկնեց, այդպիսով տապալելով հայ-ադրբեջանական բանակցությունների հնգակողմ հանդիպումը: Ֆրանսիայի անաչառ միջնորդ չէր, Ֆրանսիան ու Գերմանիան դեմ էին, որ Թուրքիան ներառվի ձևաչափում, ըստ Բաքվի պաշտոնական բացատրության, սրանք էին բոյկոտի պատճառները։

Մինչ Թբիլիսիի ամբիոնից Ալիևն առաջարկում է հանդիպումներ անցկացնել Վրաստանում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախապատրաստում է բրյուսելյան եռակող հանդիպում։ Դրա շրջանակում նա շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հիշեցրել է 8 գյուղերի մասին, որոնք «գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարևորությունը»։

Ըստ Քոչինյանի, Թբիլիսիի առաջարկած ձևաչափով հանդիպումը հակասում է Երևանի նպատակներին

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը հիշեցնում է, որ գյուղերի թեման վերջին տարիներին շարունակ քննարկվել է ու սեղանին եղել է 2 տարբերակ՝ կա՛մ ամեն ինչ թողնել ինչպես կա, կա՛մ փոխանակել անկլավները։

«Հիմա ինչո՞ւ է Ադրբեջանը նման հարցադրում բարձրացնում, ես ճիշտն ասած մեծամասամբ կապում եմ Գրանադայի հանդիպման արդյունքների հետ, որոնք Ադրբեջանի համար, մեղմ ասած, դուրեկան չէին, և Ադրբեջանը փորձում է ինչ-որ չափով սրել իրավիճակն ու դրանով փորձել լռեցնել ոչ միայն Հայաստանին, այլ նաև այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ», - ասաց Քոչինյանը:

Արեգ Քոչինյանի կարծիքով, Թբիլիսիի առաջարկած ձևաչափով հանդիպումը կարող է շատ շահավետ տարբերակ լինել Բաքվի համար, սակայն հակասում է Երևանի նպատակներին՝ միջազգայնացնելու հայ-ադրբեջանական հակամարտության թեման, ինչը կարող է հնավորություն տալ ինչ-որ չափով զսպելու Ադրբեջանի աճող ախորժակը։

«Եթե մենք դիտարկում ենք Թբիլիսիի հնարավորությունը, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չհանդիպել սահմանին, ուղղակի դա լինի երկկողմ հայ-ադրբեջանական հանդիպում՝ քննարկելու բոլոր մանրամասները: Այսինքն՝ եթե Վրաստանն է, միջնորդ կարող է և չլինել, շատ պարզ, ուժային հարաբերակցությունից ելնելով, կարողությունից ելնելով», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Թբիլիսիի առաջարկած ձևաչափի վերաբերյալ Երևանի լռությունից ու Գրանադայի հնգակողմ հանդիպման տապալումից հետո ուժի մեջ է մնում միայն բրյուսելյան հանդիպումը, որի ժամկետները հայտնի չեն։ Երևանը կողմ է ձևաչափին, Բաքուն ևս, ինչի միասին օրերս հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։