«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին՝ հոկտեմբերի 10-ի նիստին։
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին», - ասված է դաշինքի հայտարարությունում։
Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։
Եթե հոկտեմբերի 10-ին՝ առաջին նիստին, քվորում ապահովվի, ապա իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին անհրաժեշտ կլինի 27 կողմ ձայն։ Դա կլինի, եթե նաև «Հանրապետություն»-ը քվեարկի նրա օգտին։
«Մայր Հայաստան» դաշինքն այսօր կոչ է արել անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով «ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։
Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ևս վերահաստատում է, որ չի մասնակցելու ավագանու վաղվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հանրային ձայն»-ը չի պատրաստվում բոյկոտել Երևանի նորընտիր ավագանու նիստը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության