Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ

Աննախադեպ հարձակում Իսրայելի դեմ՝ գոնե վերջին հինգ տասնամյակների կտրվածքով։ Այսպես կարելի է բնութագրել այն, ինչ այսօր լուսադեմին տեղի ունեցավ Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի ողջ երկայնքով։

Գազան վերահսկող «Համաս» խմբավորման զինյալները ընդամենը 20 րոպեում շուրջ 5 հազար հրթիռ արձակեցին Իսրայելի տասնյակ քաղաքների, այդ թվում՝ Թել-Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ, որից հետո անցան ցամաքային հարձակման։

«Համասի» զինյալների ոչ մեծ, բայց ակնհայտորեն լավ պատրաստված խմբերը սահմանի տասնյակ հատվածներում ներթափանցեցին Իսրայելի տարածք՝ մի բան, որ վերջին անգամ եղել էր նախորդ դարի 70-ական թվականներին։

Ոստիկանները տարհանում են կնոջն ու երեխային Գազայի հատվածից, 7-ը հոկտեմբերի, 2023թ

Խմբերից մեկին հաջողվեց ներթափանցել Իսրայելի տարածքում գտնվող և Գազայի հետ սահմանը հսկող բանակային ստորաբաժանման մշտական տեղակայման վայր։ Պաղեստինցիների տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ իսրայելական բազայի անձնակազմի համար հարձակումն անակնկալ էր, դիմադրությունն էլ խիստ աննշան։

Եվ մինչ պաղեստինյան առաջապահ խմբերը գրոհում էին հակառակորդի ռազմակայաններն ու Գազայի հետ սահմանին գտնվող անցակետերը, «Համասի» զինյալների երկրորդ ալիքը՝ իսրայելական պաշտպանության ներսում բացված ճեղքերով, ներթափանցում էր խոր թիկունք։ Առավոտյան մի շարք քաղաքների հրեա բնակիչները արթնացան և հայտնաբերեցին, որ Գազայից տասնյակ կիլոմետրերի վրա գտնվող իրենց բնակավայրերի փողոցներում ազատորեն պաղեստինցի զինյալներ են շրջում։

«Մենք որոշեցինք Աստծո օգնությամբ վերջ տալ իսրայելական հանցագործություններին»

Հարձակման մեկնարկից մի քանի ժամ անց «Համասի» զինված թևի առաջնորդ Մոհամադ Դեյֆը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ այս լայնածավալ և համակարգված հարձակման նպատակը Պաղեստինի իսրայելական օկուպացիային վերջ տալն է։

«Մենք որոշեցինք Աստծո օգնությամբ վերջ տալ իսրայելական հանցագործություններին, որպեսզի թշնամին հասկանա՝ անպատժելիության ժամանակներն անցել են։ Այդ նպատակով է, որ մենք նախաձեռնել ենք «Ալ-Աքսայի ջրհեղեղ» կոչվող այս գործողությունը։ Հեղափոխական այս օրը մեկ նպատակ է հետապնդում՝ վերջ տալ աշխարհում գոյություն ունեցող վերջին օկուպացիային և ապարտեիդի սկզբունքներով առաջնորդվող վերջին ռեժիմին», - հայտարարում էր «Համասի» ռազմական թևի ղեկավարը։

Իսրայելի կառավարությունն ու բանակը լուռ էին ավելի քան հինգ ժամ

Ի տարբերություն պաղեստինցիների՝ Իսրայելի կառավարությունն ու բանակը լուռ էին ավելի քան հինգ ժամ։

«Համասի» հարձակման առաջին ժամերին ոչ Իսրայելի Պաշտպանության բանակը և ոչ էլ կառավարության ներկայացուցիչները հայտարարություններով հանդես չէին գալիս։ Իսրայելական որոշ աղբյուրներ պնդում էին, որ թե՛ քաղաքացիական և թե՛ զինվորական իշխանությունների համար այս հարձակումը կատարյալ անակնկալ էր։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցողի առթիվ հայտարարությամբ հանդես եկավ մարտական գործողությունների մեկնարկից միայն հինգուկես ժամ հետո։

Բենյամին Նեթանյահու

«Իսրայելի քաղաքացիներ, սա ոչ թե տեղային գործողություն է կամ էլ փոխհրաձգություն, այլ պատերազմ։ Այսօր առավոտյան «Համասը» անակնկալ մահացու հարձակում է ձեռնարկել Իսրայելի պետության և քաղաքացիների դեմ։ Ես ուժային կառույցների ղեկավարներին նախևառաջ հրահանգել եմ ահաբեկիչներից մաքրել այն բնակավայրերը, որտեղ նրանք կարողացել էին ներթափանցում իրականցնել։ Ես նաև հրահանգել եմ պահեսատզորայինների զորահավաք սկսել։ Բացի այդ մենք այն ուժգնության պատասխան կրակ ենք բացել Գազայի ուղղությամբ, որի նախադեպը թշնամին երբևիցե չի տեսել։ Թշնամին աննախադեպ ծանր գին է վճարելու։ Մենք պատերազմի մեջ ենք և մենք հաղթելու ենք», -հայտարարում էր Նեթանյահուն։

Կեսօրին մոտ, առաջին շոկը հաղթահարած իսրայելական բանակը սկսեց դիմել ավանդական մարտավարությանը՝ լայնածավալ օդային հարվածներ հասցնելով Գազայի հատվածին։

Վերջին տեղեկությունների համաձայն զոհված պաղեստինցիների թիվը հասնում է 198-ի, վիրավորներինը գերազանցում է 1600-ը։

«Համասի» զինյալները դեռ շատ են զղջալու այս հարձակման համար»

Յոավ Գալանտ

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտն էլ պնդում էր, թե «Համասի» զինյալները դեռ շատ են զղջալու այս հարձակման համար։

«Իսրայելի դեմ պատերազմ սկսելով «Համասը» ճակատագրական սխալ է գործել։ Իսրայելի պաշտպանության բանակի զինյալներն այժմ մարտնչում են թշնամու հետ ներթափանցման բոլոր հատվածներում և մեր պետությունն այս պատերազմում հաղթելու է», - -հայտարարում էր Իսրայելի պաշտպանության նախարարը։

«Համասը» տոնում է իր առաջին հաջողությունները

Բայց չնայած այս հայտարարություններին «Համասը» տոնում է իր առաջին հաջողությունները։ Պաղեստինյան խմբավորման կողմից տարածված տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են զինյալները իսրայելական բանակին պատկանող ամենագնացներ և առնվազն մեկ տանկ գրավում՝ վերջինի դեպքում գերեվարելով դրա անձնակազմը։

Ընդհանրապես պետք է նշել, որ իսրայելցի գերիների և նույնիսկ քաղաքացիական պատանդների մասին վերջին ժամերին ստացվող տեղեկությունները բավական շատ են։

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով` կեսօրին մոտ, Գազայի հետ սահմանից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Օֆակիմ քաղաքում շփումներ են մեկնարկել իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև՝ «Համասի» ձեռքում հայտնված քաղաքացիական անձանց ճակատագրի վերաբերյալ։

Որոշ տեղեկությունների համաձայն գերիների ընդհանուր թիվը հասնում է 35-ի, իսրայելական պաշտոնական աղբյուրները, սակայն, այս տեղեկությունները դեռ չեն հաստատում։

Ինչ վերաբերում է զոհերին, ապա, վերջին տեղեկությունների համաձայն, իսրայելական կողմից դրանք տասնյակներով են հաշվվում։

«Այսօր առավոտյան Գազայի հատվածի մերձակայքում սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի կրած զոհերի թիվը հասնում է 40-ի, 740 մարդ վիրավորվել է», -հաղորդում է Reuters գործակալություն՝ վկայակոչելով իսրայելական N12 հեռուտաալիքը։

Reuters-ը, սակայն, չի բացառում, որ զոհերի և վիրավորների թիվը առաջիկա ժամերին կարող է աճել։

Գործակալության լուսանկարիչը Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքից հաղորդել է, որ ավելի քան 30 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի փողոցներում «բազմաթիվ դիակներ կան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար