Իշխանությունն ու ընդդիմությունը Գրանադայի քառակողմ հայտարարությանը հակադիր գնահատականներ են տալիս

Լուրջ հաղթանակ, հերթական ձախողում. Իշխանությունն ու ընդդիմությունը Գրանադայում Փաշինյանի մասնակցությամբ, բայց Ալիևի բացակայությամբ ընդունված քառակողմ հայտարարությանը տրամագծորեն հակադիր գնահատականներ են տալիս։

Հայտարարությունը տարածվեց Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի անունից։

Շարլ Միշելը հայտարարությունից երեք սկզբունքներ առանձնացրեց՝ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ի ու Ադրբեջանի 86 հազար 600-ի փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը իրականացվի ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների, որոնք տրամադրվել են կողմերին, ճանապարհներն էլ պետք է բացվեն երկրների ինքնիշխանության սկզբունքով։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքում շեշտադրեց Եվրոպական լիդերների կողմից ևս մեկ անգամ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Գրանադայում այսօր ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով ևս մեկ անգամ ճանաչվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29.800 քառակուսի կմ», - նշել է Կոնջորյանը:

Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ որոշեց հերքել թեզերը, թե Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը. - «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»:

Անկլավներ հանձնելու մասին խոսողներին նրա տեղակալ Տարոն Չախոյանը կրկին Ֆեյսբուքում մեղադրեց կեղծ լուրեր տարածելու մեջ:

«Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա։ Անկլավներ, միջանցք հանձնելու մասին ֆեյք լուրեր տարածողները դեմ են ձեռք բերված պայմանավորվածություններին, հետևաբար դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա», - ընդգծել է Չախոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարություն

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը Գրանադայի հանդիպումը որակում է ձախողում. - «Իշխանությունները ևս մի անգամ հայտարարեցին, որ Արցախի Հանրապետության նկատմամբ ճանաչում են Ադրբեջանի գերիշխանությունը: Ո՞րն է այդտեղ հաղթանակը, Փաշինյանը նախորդ օրն Ազգային ժողովում էլ է ճանաչել, իր կաբինետում էլ է ճանաչել, Բրյուսելում էլ է ճանաչել, Պրագայում էլ է այդ չարաբաստիկ հանդիպման ժամանակ ճանաչել: Ալիևը ճանաչե՞լ է, որևէ պարտավորություն ստանձնե՞լ է, ոչ»:

Խաչատրյանը կարծում է՝ Եվրոպական գերտերությունների հայտարարությունը ո՛չ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է երաշխավորում, ո՛չ անվտանգությունը:

«Եվրոպական գերտերությունները, ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրախորհրդարանը պահանջում էին վերջ դնել Արցախի շրջափակմանը, Ալիևն արե՞ց, թե՝ չէ, ցինիկաբար ասում էր՝ որևէ շրջափակում չկա: Խոսում են՝ ասում են՝ դու Արցախում էթնիկ զտման ես ենթարկում բնակիչներին, որը ցեղասպանության տեսակ է, Ջեյհուն Բայրամովը մեջ բերում է բառացի Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ այնտեղ որևէ նման բան չկա», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Չնայած իշխանական կողմի պնդումներին՝ ընդդիմադիր պատգամավորը փակված չի համարում անկլավների հարցը. - «Հղում են անում ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների վրա, այդ քարտեզները հրապարակված չեն, և այդ քարտեզների վրա չկա՞ն անկլավներ, դա ոչ մի հաղթանակ էլ չի»:

Արթուր Խաչատրյանը պնդում է՝ անկլավները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն՝ Տիգրանաշենով անցնում է ճանապարհը դեպի Իրան, Ոսկեպարով անցնում է մեր ճանապարհը դեպի Վրաստան: Ամիսներ առաջ վարչապետն ասել էր՝ չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը անլուծելի ճանապարհային խնդիրներ առաջացնի:

«Էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև տենց անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է, չկա տենց հարց», - հայտարարել է Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը վերջին անգամ այս մասին խոսելիս հայտարարել էր՝ Հայաստանը պետք է թղթի վրա ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և վերադարձնի 8 գյուղերը:

Ողջ օրը իշխանականներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան գրառումների հեղինակներից հնարավոր չեղավ հարցերի պատասխաններ ստանալ։ Մոտ երկու տասնյակ իշխանության ներկայացուցիչներ կա՛մ մերժում էին, կա՛մ չէին արձագանքում հարցազրույցի հրավերին։