Ռուսաստանի արտգործնախարարությունը պնդում է, թե հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին պաշտոնական Երևանը խնդրել է Մոսկվայից վառելիք, որն ուղարկվել է Հայաստան։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում բարդ իրավիճակ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված պաշարը։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտգործնախարարությունը պնդում է, թե Հայաստանի կառավարությունից դիմում են ստացել նաև արցախցիներին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտակարգ իրավճակների նախարարությունը քննում է այդ դիմումը, և արդեն կազմել է ուղարկվելիք ապրանքների ցանկը, ասված է Մոսկվայի պաշտոնական հայտարարությունում։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ հայտնել է, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով՝ նշելով, թե «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»:
«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք», - հայտնում է Հայաստանի ՏԿԵՆ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան շարունակում է քննադատել ԵրևանինԱջակցության մասին այս հայտարարությունները հակասում են Մոսկվայից վերջին օրերին հնչող զգուշացումներին ու սպառնալիքներին։ Մի քանի օր առաջ, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, Մոսկվան հայտարարեց, թե կդիմի պատասխան քայլերի։ Կրեմլի խոսնակը հիշեցրել էր՝ Հայաստանի տնտեսությունը կախման մեջ է Ռուսաստանից, հատկապես՝ էներգետիկ ոլորտը։ Երեկ, սակայն, նախագահ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը։
Զուգահեռաբար՝ Մոսկվան շարունակում է մեղադրել Հայաստանի իշխանություններին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Միաժամանակ, սեպտեմբերի 19-ից հետո, երբ ադրբեջանական բանակը ռազմական գործողություններ սկսեց Արցախում, Մոսկվան ոչ մի դատապարտող հայտարարություն չի արել։
Այսօր էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեջբերում արեց ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության զեկույցից․ -
«Մինչ այժմ առաքելությունը վկայում է, որ լուրջ վնասներ չկան, կրոնական շենքերը նույնպես չեն վնասվել»:
Հայաստանի արտգործնախարարությունը քննադատել է ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության զեկույցը, պնդելով, թե այն «Ադրբեջանի կողմից օգտագործվել է քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ այցից հետո ՄԱԿ առաքելության տարածված հաղորդագրությունը խիստ կողմնակալ է. ՀՀ ԱԳՆՀայաստանի դաշնակից Մոսկվան այս քննադատություններին չի արձագանքել, բայց հիշատակել է ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն առ այն, որ հայ բնակչությունը շատ արագ է լքել Լեռնային Ղարաբաղը, հավելելով․ որ այս հանգամանքը է պետք է ուշադիր ուսումնասիրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի առաքելությունը «ցնցված է»՝ ինչպես են արցախցիները «հանկարծակի» լքել իրենց տներըԱռայժմ հստակ չէ՝ արդյոք այս ամենից հետո Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը կշարունակի մնալ Ղարաբաղում, որտեղ, ինչպես երեկ նախագահ Պուտինն ասաց, հայ գրեթե չի մնացել։
«Այսօր այնտեղ հայ չի մնացել։ Գիտե՞ք, այնտեղ ոչ ոք չի մնացել, բոլոր հայերը հեռացել են, գուցե հազար կամ հազար հինգ հարյուր հայ է մնացել, վերջ, այնտեղ պարզապես ոչ ոք չի մնացել», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի նախագահը Բաքվին կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել Ղարաբաղի նախկին ղեկավարության նկատմամբ