Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ պատվիրակությունն այսօր կայցելի ՀՀ՝ քննարկելու ռուսական զորախմբի դուրսբերման ժամկետները․ Երևանը նման տեղեկություն չունի

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հստակ ժամկետներ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարում է ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունենք և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ», - «Ազատությանն» ասաց Թորոսյանը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը հինգ տարի ժամկետով տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության համաձայն։ Սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ստորագրվեց հունվարի 1-ի Արցախի հանրապետությունը կազմալուծելու մասին հրամանագիրը, ապա ավելի քան100 հազար մարդ լքեց Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Պուտինի խոսնակը միայն մեկ բան է հստակեցրել՝ ապագա պայմանագիրը պետք է կնքվի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։

«Դեռևս դժվար է խոսել, թե ինչ կլինի հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, քանի որ խոսքը Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է։ Մենք սա քննարկելու ենք Բաքվի հետ», - նշել է Պոսկովը:

Երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական զորախումբն «ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»։