«Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես նույնիսկ պոտենցիալ միջնորդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսօր զրոյական է», - ֆրանսիական FranceInter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ամիբերկովը որպես Փարիզի «կողմնակալության վերջին վառ ապացույց» նշել է Ֆրանսիայի՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու որոշումը։
«Ֆրանսիայի նման անխոհեմ քայլը ոչ միայն ոչնչացնում է նրա՝ որպես «խաղաղարար» անսանձ հավակնությունները, այլև տարածաշրջանը տանում է դեպի ռազմական առճակատման նոր վտանգավոր գիծ», - ասել է Ամիրբեկովը։
Օրերս Երևանում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկայի տրամադրումը Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել, պարզ է, որ առայժմ չեմ կարող մանրամասնել այս հարցը», - ասել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր. Կատրին Կոլոննա