ԵՄ-ն Հայաստանի կողքին է, X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղեկացնելով, որ երեկ Գրանադայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նա նշել է, որ աջակցում են Հայաստանին և աշխատելու են երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ։
«Լավ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում։ Մենք անհապաղ աջակցություն ենք ցուցաբերում և աշխատելու ենք ամրապնդելու մեր երկկողմ կապերը», - գրել է Լայենը։
Նա նաև հանդիպումից լուսանկար է հրապարակել։
Երեկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ «այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս ուսի տված, հանձնառու են առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»։
Կողմերը դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ:
«Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա», - ասված է համատեղ հայտարարությունում։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին շարունակել քննարկումները հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն