ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆորնիա ) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։
ԱՄՆ ներկայացուցիչները պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված նամակում մասնավորապես նշել են․ - «Ալիևից եկող ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա ռազմական հարձակումներով»։
Ըստ Հայ դատի գրասենյակի՝ ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են չորս կոնկրետ ուղիներ, որոնցով ԱՄՆ-ը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, կասեցնել 907-րդ հոդվածը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, աջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգության ապահովման հարցում, միջազգային դիտորդներ և խաղաղապահներ տեղակայել Հայաստանում՝ ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։
Օրենսդիրը նաև կոչ են արել «ընդլայնել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օգնությունը Արցախից բռնագաղթած հայ փախստականներին և ջանքեր գործադրել՝ ապահովելու Արցախի գերեվարված պետական պաշտոնյաների և հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումն ու համաներումը»։