Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը և շարունակաբար ուժի կիրառման դիմելու գործելաոճը պետք է աներկաբայորեն արժանանա միջազգային հստակ արձագանքի, երեկ Գրանադայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ու Բորելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրադրությանը՝ վերահաստատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։
Ժոզեպ Բորելը հանդիպման մասին X սոցիալական ցանցում գրել է․ - «Արարատ Միրզոյանի հետ երեկ մտքեր փոխանակեցինք Հայաստանում իրավիճակի և ավելի քան 100 հազար տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ։ Քննարկեցինք՝ ինչպես ավելի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը և ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Ընդգծեցի խաղաղ գործընթացին աջակցությունը շարունակելու ԵՄ նվիրվածությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «100 հազար 625․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել»․ կառավարություն