Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին հիասթափեցրել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ թե՛ Ռուսաստանի կեցվածքը և թե՛ Ադրբեջանի գործողությունները: Միշելն այդ մասին ասել է Euronews համաեվրոպական հեռուստակայանի Global Conversation («Գլոբալ քննարկում») ծրագրի թղթակցին: Ամբողջական հարցազրույցը պետք է վաղը հեռարձակվի։
«Բոլորի համար ակներև է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուսներն ուզում էին մտցնել զինծառայողներ, ովքեր պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ: Մինչդեռ, Եվրոպական միությունն այնտեղ՝ գետնի վրա, ռազմական ներկայություն չունի»,- ասել է Միշելը։
Euronews-ը նշում է, որ Բաքուն ռազմական գործողությամբ վերջերս ամբողջական հսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղը: Հալածանքների չենթարկվելու համար Ղարաբաղից հեռացել են ավելի քան 100 հազար հայեր: Փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանի գործողությունները հավասարազոր են պատերազմի հանցագործության, իսկ Հայաստանը հարևանին մեղադրում է էթնիկ զտում իրականացնելու համար:
Euronews-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսներին քննադատել է Բաքվի կողմից ռազմական էսկալացիայի մասին վկայող ազդանշաններն անտեսելու և Ղարաբաղում ապրող հայերի պաշտպանությունը ձախողելու համար: Կրեմլը պատասխանել է, թե Փաշինյանն Արևմուտքի ազդեցությանն է ենթարկվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն. ՀՀ վարչապետՇառլ Միշելն ակտիվ միջնորդական դեր է կատարել՝ համոզելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին բանակցել Բրյուսելում: Սակայն Եվրամիությունը քննադատության է ենթարկվել ոչ արդյունավետ միջնորդության, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու համար: Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ Միշելի միջնորդությունը բացարձակ ձախողում են որակել և դատապարտել են Եվրամիության ղեկավարներին Հայաստանի խնդրանքներն անտեսելու և ագրեսորի անունը չտալու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կովկասում քաոսը դեռ կարող է զսպվել»․ Արցախի հայաթափումը` միջազգային մամուլի առաջին էջերումՄիշելը հերքում է քննադատությունը՝ պնդելով, որ Եվրոպայի միջնորդական ջանքերին զուգահեռ նման առաքելություն է իրականացրել նաև Միացյալ Նահանգները, և դա նպաստել է առաջխաղացում ապահովելու, մասնավորապես՝ գերիներին ազատելու գործին: Դա, ըստ Միշելի, ընձեռել է տարածաշրջանային կապերը բարելավելու հնարավորություն՝ ապագայում ավելի լավ կայունություն ապահովելու համար:
«Մենք նաև առաջընթաց ենք գրանցել տեքստերում, որոնք կլինեն ապագա խաղաղության համաձայնագրում: Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես պետք է նշեմ, որ չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի գործողություններից, և ես այդ մասին ուղիղ հայտնել եմ նախագահ Ալիևին», - ընդգծել է Շառլ Միշելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցիցՆա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կշարունակի սատարել Հայաստանին, որը հիմա մեծ թվով փախստականների է ընդունում Ղարաբաղից, և կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել:
Միշելը հայտարարել է նաև, որ Եվրոպական միությունը քաղաքական և դիվանագիտական բոլոր խողովակներով ընդգծել է և հետագայում էլ կհավաստի իր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Մենք չենք նահանջի», - վստահեցրել է ԵՄ խորհրդի նախագահը:
Առաջիկայում Գրանադայում նախատեսվում է հնգակողմ հանդիպում, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական միության նախագահը:
«Խաղաղության բանակցություններում երկու կողմերից են անհրաժեշտ պարտավորություններ, բայց հիմա առավել մեծ է ռազմական գործողություն նախաձեռնած Ադրբեջանի պատասխանատվությունը: Ադրբեջանը պետք է ցույց տա, որ ուզում է հարգել միջազգային օրենքները, պաշտպանել և երաշխավորել ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի անվտանգությունը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ էՄիաժամանակ, Միշելը զերծ է մնացել Ադրբեջանի քայլերն էթնիկ զտում անվանելուց: Նա ընդունել է, որ Ադրբեջանը Եվրամիության գործընկերն է, սակայն գործընկերների միջև կան խնդիրներ: Նա մերժել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված քննադատությունն առ այն, թե Եվրոպան հանուն բնական գազի աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն«Ես հասկանում եմ այդ փաստարկը, բայց այն ճիշտ չէ, Եվրոպան ապացուցեց, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կարողացել է դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները», - ասել է Միշելը:
«Արդյո՞ք Եվրամիությունը կարող է վերանայել գազի գործարքը Բաքվի հետ», - պատասխանելով այդ հարցին՝ Շառլ Միշելն ասել է. - «Իհարկե, այն, ինչ մենք հիմա պետք է անենք, այն է, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի կարողանանք ամուր և անվիճելիորեն ապահովել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»:
«Մենք կխրախուսենք կայունացման գործընթացը, որը կարող է հանգեցնել երկու կողմերի պարտավորություններին` հարգելու իրենց խոստումները: Եվ բացարձակ առաջնահերթությունը տարածքային սահմանների շուրջ բանակցությունների ապահովումն է», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ