Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Կրեմլը ճիշտ քայլ չի համարում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, Հայաստանի Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց հայտարարեց Կրեմլը։

«Մենք լրացուցիչ հարցեր կունենանք Հայաստանի ներկայիս ղեկավարությանը; Այդ հարցերը նախապես հանձնվել են հայկական կողմին։ Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալը ճիշտ չէր», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է՝ Մոսկվան բացարձակապես համաձայն չէ Հայաստանի վարչապետի այն գնահատականին, թե Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու Երևանի որոշումը պայմանավորված է երկրի անվտանգությունն ապահովելու ՀԱՊԿ գործիքների և հայ-ռուսական գործընկերության անբավարարությամբ։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարել էր՝ Երևանին տեղեկացրել են, որ հայկական կողմի այս քայլն անընդունելի է այն պայմաններում, երբ միջազգային դատարանը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդեր» է տվել։ Պեսկովն այսօր ասել է, թե ռուսական կողմը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի երբևէ հրաժարվել այցելել Հայաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը արձագանքեց Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը Ազգային ժողովն ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծըՄոսկվայում «ծայրահեղ թշնամական» քայլ են որակում Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի որոշումը

Չնայած փորձագետների պնդմանը, որ Հայաստանը պետք է ձերբակալի Պուտինին Երևան այցելելու պարագայում, ՀՀ իշխանության ներկայացուցիչները բազմիցս են վստահեցրել, որ Երևանում Ռուսաստանի ղեկավարին ձերբակալելու որևէ մտադրություն չունեն։ Վարչապետն էլ մի քանի անգամ շեշտել է, որ ստատուտի վավերացման գործընթացը Հայաստանը սկսել է նախքան Միջազգային դատարանի օրդերը․ - «Եվ այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»:

Այսօր խորհրդարանի քվեարկությանն արձագանքել է նաև Ռուսաստանի Պետդումայի խոսնակը՝ Տելեգրամի իր ալիքում գրելով, թե այս որոշումը խնդիրներ կստեղծի առաջին հերթին Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Վյաչեսլավ Վոլոդինը չի մանրամասնել այդ խնդիրները։

«Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է։ Ցանկացած որոշում և ամեն ինչ կարելի է բացատրել, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ», - նշել է Վոլոդինը։

Ի՞նչ պատասխան քայլերի կդիմի Մոսկվան՝ առայժմ պարզ չէ։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակն ակնարկել էր, թե Հայաստանը տնտեսական մեծ կախման մեջ է Ռուսաստանից, հիշեցնելով, որ այսօր հենց Մոսկվան է Երևանին գազ վաճառում շուկայականից ցածր գնով։

Այս ամենի ֆոնին հայաստանցի գործարարներն արդեն ահազանգում են, թե դժվարություններ ունեն Վերին Լարսում, որտեղ հայկական կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատար կանգնած սպասում է ռուսական կողմի ստուգումների ավարտին։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, «Արմենպրես»-ին ասել է, թե հայկական կոնյակը ռուսական կառույցները սահմանին սկսել են ստուգել դեռևս գարնանը։

Ամեն դեպքում, Մոսկվան թե՛ այսօր, թե՛ նախորդ օրերին, ինչպես ռուսական կողմն է պնդում՝ «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլերը» մեկնաբանելիս հաջորդիվ շեշտում է, թե հույս ունեն, որ Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի դաշնակիցը։ Երեկ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, օրինակ, ասել էր. - «Հուսով եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր կապերը և ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարողանա քանդել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում հուսով են, որ Մոսկվայի և Երևանի կապերը չեն քայքայվի. Լավրով


Հայ-ռուսական հարաբերություններն առավել լարվեցին վերջին շաբաթներին, երբ Ադրբեջանը ռուս խաղաղապահների ներկայությամբ ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչից հետո Արցախը մի քանի օրում հայաթափվեց։

Պեսկովը, սակայն, այսօր Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրել է Հայաստանի վարչապետին՝ կրկնելով Մոսկվայի հիմնական թեզը, թե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչից հետո Ռուսաստանը չէր կարող ոչինչ անել։

Փաշինյանն, իր հերթին, անցած շաբաթ հայտարարել էր, թե դեռ 2020 թվականից ի վեր Արցախում իրադարձությունների զարգացումը, օրինակ՝ մի քանի գյուղերի գրավումը, Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի վերջին հարձակումը, լրջագույն հարցեր են բարձրացնում խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն. ՀՀ վարչապետ