Հետևում թողած հայրենիքը, մանկությունը. 13-ամյա Գոռն է ղեկին նստել՝ ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու

13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել։

«Քանի որ ամուսինս դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, հարևաններին նաև՝ երկու ընտանիք։ Իր էդ հասակում ես զարմացա՝ ոնց տարավ, հասցրեց», - պատմում է մայրը։

Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի սահմանապահները մեքենայից իջեցրել ու հեռացրել են Գոռի 70-ն անց պապուն։

Ասում է՝ հարցրել են՝ «Խոջալուում քանի՞ ադրբեջանցու ես սպանել»։ Շունչը պահած սպասել է անցակետում, մինչև պապը վերադառնա, վախից կծկվել է՝ բա որ չկարողանա ընտանիքին Հայաստան հասցնել, բա որ պապը չվերադառնա։

Արցախի Խնապատում ծնված 13-ամյա Գոռն ավելի քան երկու ժամվա ծանր ճանապարհին միայն մեկ անգամ է ընկրկել, երբ մոտեցել են ադրբեջանցիների անցակետին, բայց դա էլ է հաղթահարել։ Հիշում է՝ հետևում թողեց հայրենիքը, տունը, մանկությունը։

Գոռի քույրը պատմում է՝ մի քանի բուռ ալյուր էին Արցախից վերցրել։ Երբ երկու փոքրիկները սովին չեն դիմացել, ավտոշարասյունն էլ քայլ-քայլ է առաջ շարժվել, մայրը ստիպված հենց փողոցի եզրին խմորը հունցել ու լավաշ է թխել. - «Մարդիկ կային հավաքված, գալիս էին, մտածում էինք՝ բարեգործական է, նույնիսկ իմ երեխաներին չհասավ։ Մաման լացում էր, ասում էի՝ խնդրում եմ մի լացի, միայն ողջ ու առողջ դուրս գանք էստեղից»։

9-րդ դասարանն ավարտած գոռը դեռ Խնապատում է որոշել՝ պետք է արագ գումար աշխատի ու ընտանիքին օգնի։ Իր կամքից անկախ ղեկին օրեր անցկացրած Գոռն ամեն օր խնամքով մաքրում է մեքենան, որով Արցախից հեռացել են ընդամենը 4-5 տոպրակով։

Լուսինեն՝ Գոռի քույրը, նոր էր որպես զոհված զինվորականի կին Ստեփանակերտում բնակարան ստացել, երկու անչափահաս երեխաների հետ 1 տարի էլ չի հասցրել բնակվել նոր տանը։ Չի հասցրել անգամ ամուսնու իրերը բերել՝ միայն մեկ հագուստ, որից հնգամյա դուստրը հաճախ է հոր կարոտն առնում, համակարգիչը, որում ամուսնու հետ ապրած օրերն են՝ լուսանկարներով ու տեսանյութով, ամուսնու ծոցագրպանի իրերը՝ արյունոտ։ Իսկ պատերազմին մասնակցելու համար հետմահու ստացած շքանշանը ճանապարհին է թողել՝ ստիպված, զգուշացրել են՝ դրա պատճառով կարող են Հակարիի անցակետում մնալ։

Գոռը արցախցի միակ անչափահասը չէ, որ ստիպված է եղել ղեկին նստել՝ ընտանիքին անվնաս Հայաստան հասցնելու համար։ Սոցիալական ցանցերում մի քանի նման պատմություններ կան, բոլոր դեպքերում դա է եղել փրկության միակ հույսը ընտանիքի համար։