ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ. Միրզոյան

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ Հայաստանի արտգործնախարարն այսօր քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր Արցախում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը:

Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով:

Պատվիրակությանն ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը վարչապետի հետ հանդիպմանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը և կարևորել միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը:

Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, հայտնում են կառավարությունից։