Միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար, ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռուբեն Վարդանյանի զավակներն օգնության կոչով դիմել են համաշխարհային հանրությանը: Նրանք ասում են, որ տեղեկություններ չունեն իրենց հոր վիճակի մասին:
«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել մեր հորն Ադրբեջանի տարածքում ապօրինի բանտարկությունից ազատելու գործում: Քանի որ նա կալանավորվել է, մենք կապ չունենք նրա հետ և չենք կարող պարզել, թե նա ինչ վիճակում է: Մենք չգիտենք, թե ինչպես են հիմա նրա հետ վարվում, մենք վախենում ենք նրա կյանքի և առողջության համար», - ասվում է Վարդանյանի Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վարդանյանի ազգականները նշում են, թե չեն ցանկանում, որ նա «տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը դառնա», և հավաստիացնում են, որ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը միշտ եղել է հակամարտության թուլացումն ու խաղաղ ելքի որոնումը:
«Օրըստօրե աճում է վտանգը, որ մենք նրան այլևս երբեք չենք տեսնի: Կոչ ենք անում տեր կանգնել մարդկանց իրավունքներին: Պահանջում ենք ազատել մեր հորը և անարդարացիորեն կալանավորված բոլոր մյուս հայերին: Ոչ մի անձ չպետք է հալածվի կամ զրկվի ազատությունից՝ իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Բաքուն սեպտեմբերի 27-ին է հաստատել Հակարիի կամրջի մոտ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու լուրը: Նա մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով: Ռուբեն Վարդանյանի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը 4 ամսով: Նա հիմա Բաքվի քրեակատարողական հիմնարկներից մեկում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հույս ունենք՝ միջազգային հանրությունը ավելի ակտիվ կզբաղվի այս հարցով». երթ՝ հաջակցություն Ռուբեն ՎարդանյանիՌուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել, նա չորս ամսով կալանավորվել էԱդրբեջանի սահմանապահները Լաչինի միջանցքում ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին. Երևանը դիմել է ՄԻԵԴ