Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է

Բաքվում ավարտվել է Լաչինի միջանցքից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևին՝ նշելով, որ գործի նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։

Քրեական գործը հանձնվել է դատավոր Ջամալ Ռամազանովին։

Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։