Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել է, որ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները։
«Նախագահն անձամբ է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի, շատ ֆրանսիացիների և այն ֆրանսիացիների համար, որոնք սիրում են Հայաստանը ու կապեր ունեն այդ երկրի հետ: Նախագահ Մակրոնն ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հայ ժողովրդի պաշտպանություն Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ են», - «Franceinfo»-ին ասել է պաշտպանության նախարարը:
Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնակցի հետ. - «Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչև այժմ չկար, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու նրանց պաշտպանական և անվտանգության կարիքները»:
Լրագրողի հստակեցնող դիտարկմանը, թե փաստորեն դուռն ամբողջությամբ փակ չէ, նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ասել է. - «Ձեր հարցն էր՝ Ֆրանսիան կարո՞ղ է ռազմական միջամտություն կատարել: Ես չեմ կարծում: Ակնհայտ է, որ այս հարցին պետք է պատասխանեն Հանրապետության նախագահն ու զինված ուժերի ղեկավարը։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մենք դիտարկում ենք Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն»: