Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Դուբլինում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության և ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենազրկման հետևանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած և ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:
Յաել Բրաուն-Պիվեն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող անհանգստություններին, որոնց անմիջական կրողն է նաև Հայաստանը:
Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից ադրբեջանական քաղաքականության դատապարտման անհրաժեշտության շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:
Իռլանդիայի մայրաքաղաքում անցկացվում է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովը։