«Մենք գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպական ուժը». Վազգեն Մանուկյան

Իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում: Այն նախատեսված էր մի քանի օր առաջ, սակայն հետաձգեցին՝ պատճառաբանելով, որ լծվում են արցախցիներին օգնելու գործին:

Այսօրվա հավաքի մի մասը նվիրված էր Արցախից տեղափոխվածներին օգնելու կարևորությանը: Հարթակից խոսց նաև Արցախի թեմի առաջնորդը:

Հանրահավաքը եզրափակեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը: Վերջինս անցած շաբաթ հայտարարել էր, որ երեք օր շարունակ պետք է քաղաքը պարալիզացնեն, անհնազանդության ակցիաներ անցկացնեն, բայց այսօր խոստովանեց, որ իրենք, ըստ էության, իրենց ուժերը գերագնահատել են ու դա չստացվեց:

«Չստացվեց, մենք սխալվեցին, սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպական ուժը: Բայց մի շատ դրական բան էր կատարվում, որովեհտև տարբեր համալսարանների ուսանողներ առանց մեր դրդման, միայն խոսքով, վրդովված այն ամենով ինչ լինում էր, դուրս էին գալիս», - նշեց Վազգեն Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ այս օրերին դիմել են տարբեր քաղաքական ուժերի իրենց միանալու համար և դրական պատասխան չեն ստացել: Թե որ ուժերի մասն է խոսքը, Մանուկյանն անուններ չհրապարակեց:

Ավելի վաղ ելույթ ունեցավ Ազգային կոմիտեի անդամ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: Խոսելով արցախցիների մասին, նա ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անեն, որ տասնյակ հազարավոր քաղաքացիները ինտեգրվելու խնդիր չունենան:

«Մեր համար շատ կարևոր է, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները, որոնք գալիս են այստեղ, այստեղ նաև հայրենիք գտնեն, մեր մեջ գտնեն աջակցություն, էն հասարակությունը, որում իրանք պատրաստ են ապրել: Էդ դեպքում իրանք կմնան այստեղ, կկանգնեն մեր կողքը, կբազմապատկեն մեր ուժը, կօգնեն փոխել իշխանությունը», - հայտարարեց Չալաբյանը: