Արցախից Հայաստան տեղափոխված մարդիկ հարազատներին գտնել չեն կարողանում. ԿԽՄԿ-ն հորդորում է դիմել իրենց

Անժելա Հովհաննիսյանն այսօր դժվարությամբ ոտք դրեց Հայաստան՝ հարազատները չկան, լուր չունի, կապը կորել է օրերս Ստեփանակերտում վառելանյութի պահեստի հրդեհից հետո։ Միայն գիտի, որ որդիներից մեկը հազիվ է փրկվել՝ հիվանդանոցում է։

«Հիվանդանոցները լրիվ ման ենք եկել, չկա ցուցակներում անունը, չենք իմանում որտեղ ա՝ թե հողի տակ ա, որտեղ ա: Դե հույս են տվել՝ կարող ա պատահի գտնվի, բայց որտե՞ղ: Հենա իմ տղեն գտնվել ա, գոսպիտալում ա եղել, բերել են, ես չեմ գնացել, որ տեսնեմ, ասում են, մարմինը լրիվ վառված ա», - պատմեց Անժելա Հովհաննիսյանը:

Գորիսում «Ազատությունը» պարբերաբար լսում է նման պատմություններ։ Արցախից ավելի քան օրուկես ճանապարհ կտրած, սովից ու պատերազմից փախած մարդիկ, հասնելով Հայաստան, խնդրում եմ գտնել հարազատներին։

Ո՞ւր կամ ո՞ւմ դիմի արցախցին, եթե չի գտնում իր կորած հարազատին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հորդորում է դիմել իրենց։

«Եթե ունեք ընտանիքի անդամ, որն անհայտ կորել է կամ, կարծում եք, որ ձերբակալվել է, կամ ստիպված եք եղել թողնել Ձեր հարազատին կամ նրա աճյունը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ», - ազդարարում է միջազգային կառույցը:

Հենց Հայաստանի սահմանին արցախցիների հաշվառման ժամանակ էլ գրանցվում են անհետ կորածների տվյալները, ասում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակը։ Զառա Ամատունին առայժմ թվեր չի հրապարակում, նշում է միայն, որ օրական տասնյակ զանգեր ու հաղորդումներ են ստանում հարազատի հետ կապը կորցրած քաղաքացիների մասին։

«Իրանք փոխանցում են այդ դեպքերը մեզ, ինչպես նաև մենք տեղում բաժանում ենք եկողների համար համապատասխան քարտեր, այդ համարներով, որպեսզի իրենք կարողանան այդ համարներով մեզ հետ կապվել: Այդ համարները նաև տարածում ենք համացանցում, որպեսզի մարդիկ իմանան, որ սենց հնարավորություն կա գրանցվելու: Օրական տասնյակ զանգեր ենք ստանում, մարդիկ նաև գալիս են մեր գրասենյակ», - ներկայացրեց Ամատունին:

Հավաքագրած տեղեկությունները Կարմիր խաչը փոխանցում է գործընկերներին կամ էլ Հայաստանի գերատեսչություններին։ Զառա Ամատունու խոսքով, գործընթացը բարդ է ու ժամանակատար։

«Այս տեղեկությունները մենք հավաքագրում ենք, որպեսզի տեղում, եթե մենք ունենք հնարավորություն դա ստուգելու մեր գործընկերների հետ տարածաշրջանում, կամ դրանք հավաքագրում ենք, որպեսզի կարողանանք համապատասխան իշխանությունների հետ քննարկել, որ համակարգված լինի», - նշեց նա:

Ամատունին դեռ չի հրապարակում, թե քանի մարդ է փնտրվում և քանի անհետ կորած է մինչև այս պահը հայտնաբերվել։

Հրդեհից տուժածների որոնողական աշխատանքներին զուգահեռ փնտրում են նաև սեպտեմբերի 19-ին սկսված ու ավելի քան մեկ օր տևած ռազմական գործողությունների զոհերին։ Երեկվանից լուծարված Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբի համաձայն, վերջին օրերին հայտնաբերվել է ևս 11 աճյուն։