«Որտե՞ղ են Ֆրանսիան, Ամերիկան և Շառլ Միշելը», - վերնագրում հարց է տալիս Politico ամերիկյան պարբերականն ու անմիջապես էլ քննադատում․ - «Բրյուսելն իբրև առաջամարտիկ իրեն դրեց տարածաշրջանում խաղաղարար լինելու տապալված արշավի առանցքում, իսկ այժմ չի համարձակվում նեղացնել գազով հարուստ Ադրբեջանին»:
Հայերը ցասման մեջ են, 50 հազար հոգի արդեն դատարկվել է Լեռնային Ղարաբաղից, գրում է Politico-ն նշելով, որ Եվրամիության ձախողված միջնորդությունը մարդասիրական աղետի ֆոնին մարդկանց դժգոհությունն է հարուցում։ Շառլ Միշելի նման մարդիկ հաճախ են խոսում արևմտյան արժեքների մասին՝ ոչինչ չձեռնարկելով դրանք պաշտպանելու համար, գրում է Politico-ն՝ եզրակացնելով, որ Եվրամիությունը դժվար թե պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, չցանկանալով փչացնել հարաբերությունները մի պետության հետ, որն անվանել է գազի մատակարարման հարցում իր համար կարևոր երկիր, իսկ դրա ղեկավար Իլհամ Ալիևին՝ հուսալի ու վստահելի գործընկեր։
Ի տարբերություն Politico-ի, որը պատժամիջոցների հնարավորությունը գրեթե բացառում է, բրիտանական Economist-ը իր հոդվածում դեռ կոչ է անում Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ որքան հնարավոր է շուտ։
«Դեռ ոչ բոլորն են հեռացել Ղարաբաղից, չնայած շատ ավելին դեռ կգնան։ Բայց մնացողների համար կենսական նշանակություն ունի, որ Ադրբեջանը պատասխանատվության կանչվի իր վերահսկողության տակ հայտնված տարածաշրջանում մարդու իրավունքների յուրաքանչյուր խախտման համար։ Արևմուտքը պետք է օգտագործի իր բոլոր լծակները։ Ադրբեջանական էլիտան սիրում է ժամանակ և փող ծախսել Եվրոպայում և Ամերիկայում, և պատժամիջոցների սպառնալիքը պետք է հնարավորինս արագ իրագործվի։ Ժամանակը չի սպասում։ Առանց այն էլ արդեն իսկ շատ է վատնվել», - գրում է Economist-ը՝ նշելով, որ Ղարաբաղին կապիտուլյացիայից բացի այլ տարբերակ չէր մնացել ադրբեջանական ժամանակակից բանակի ճնշումների, Հայաստանից կտրված լինելու, Ռուսաստանի դավաճանության պայմաններում և տասն ամիս շրջափակումից ու սովից հետո։
«Այս մեկօրյա պատերազմի հետևանքները, սակայն, դեռ կտարածվեն Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս», - գրում է պարբերականը՝ շարունակելով․ - «Այս դրվագը խորհրդանշում է Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Հայաստանի ինքնիշխանությունն այժմ ավելի փխրուն է թվում, քան 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Ռուսաստանը՝ 19-րդ դարի սկզբից տարածաշրջանի գերիշխող տերությունը, իրեն դրսևորեց որպես Հայաստանի անզոր և դավաճան դաշնակից, բախումը կանխելու համար Ադրբեջանի հետ աշխատելու Արևմուտքի ջանքերը խափանված են։ Իսկ Թուրքիան, որն աջակցեց Ադրբեջանի այս հարձակմանը, վերելք է ապրում»։
Իրավիճակի պատճառներից մեկը, ըստ Economist-ի, այն է, որ Ռուսաստանն այդպես էլ չներեց ժողովրդական ընդվզման հետևանքով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու փաստը։ Բայց քաոսի անմիջական պատճառը պարբերականը համարում է Ռուսաստանի թուլացումը։
Ղարաբաղի և Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումների պայմաններում Ռուսաստանի անգործության ֆոնին Հայաստանի՝ դեպի Արևմուտք թեքվելու փորձերը, ըստ Economist-ի, Պուտինին դուր չեն գալիս։
Հնարավոր է՝ նա արդեն իսկ Երևանում հուզումներ է հրահրում։ Ըստ պարբերականի՝ այժմ ավելի մեծ վտանգն այն է, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի դեմ ճնշումները և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համաձայնությամբ փորձելու է Հայաստանի հարավով միջանցք բացել։ Այն կկապի Թուրքիան և բուն Ադրբեջանը, Հայաստանին կզրկի ինքնիշխանությունից և կմեկուսացնի Իրանի հետ կարևորագույն սահմանից։
«Հուսահատ ժամանակներ», - գրում է Economist-ն ու շարունակում․ - «Կարճաժամկետ հեռանկարում արևմտյան կառավարությունները պետք է օգնեն Հայաստանին փախստականների հարցով, նաև օգնեն արդար և կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում Արևմուտքը պետք է աջակցի Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ջանքերին և կոչ անի Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել վաղուց փակ սահմանը»։ «Դիվանագիտության հմտություններով և եթե բախտը ժպտա, Կովկասում քաոսը դեռ կարող է զսպվել», - եզրափակում է Economist-ը։
Իտալական La Stampa-ն գրում է, որ Իտալիան կարող է ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ բռնաճնշումներում, քանի որ հնարավոր է՝ Ադրբեջանի բռնապետ ղեկավար Ալիևին զենք է մատակարարել։ Ըստ պարբերականի՝,Դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել կառավարությանը՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք Իտալիան Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսած Ադրբեջանին զինտեխնիկա՝ այդ թվում ուղղաթիռներ է մատակարարել, և հաստատվելու դեպքում չի՞ խախտվել օրենքը, ըստ որի չի կարելի զենք վաճառել հակամարտության մեջ գտնվող երկրին՝ աջակցելով հակամարտության թեժացմանն ու նորանոր զոհերին։
Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու փաստն, ի դեպ, հաստատում է հենց իտալական «Լեոնարդո» ընկերությունը։ Այս տարվա հունիսին ընկերությունը հայտարարել է, որ Բաքու այցելության ժամանակ ռազմական օդանավերի մատակարարման պայմանագիր է կնքվել Ադրբեջանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան մամուլը շարունակում է ռեպորտաժներ հրապարակել Կոռնիձորից