Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այսօր ընդունելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սամանթա Փաուերը, ում ղեկավարած պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, նշել է. - «Նախագահ Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։ Գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է հայ ժողովրդի հետ, և Հայաստանի կառավարությունը երբեք անվճռականություն չի ցուցաբերել այս հարցում, և դա շատ կարևոր է։
Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա»։
«Մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը», - ասել է նա, հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել երկու երկրների կառավարությունների հետ՝ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, հայտնում են կառավարությունից։
Նրանք քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ տնօրենը և պետքարտուղարի տեղակալը