Ինչի՞ վրա է հիմնված Երևանի համոզումը, որ խաղաղության պայմանագրի մեծ հնարավորություն կա, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության գնաց, չի հրաժարվել միջանցքի, անկլավների պահանջներից։ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն ասում է՝ դա հույս է, բանակցությունները շատ երկարեցին։ Բայց դա չի նշանակում կատարել Ադրբեջանի պահանջները:
«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է և դա մեր համար կարմիր գիծ է ու ոչ մի արտաքին ուժ չի կարող հավակնել ո՛չ Հայաստանի սուվերեն տարածքին և ո՛չ Հայաստանի ինքնիշխանությանը: Ով էլ որ դա անի ստանալու է այնպիսի մի դիմադրություն Հայաստանի Հանրապետության կողմից, որ ավելի լավ կլիներ, եթե չաներ», - նշեց Ալեքսանյանը:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը համոզված է՝ Ալիևը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից», հիշեցնում է՝ ամենաբարձր՝ ՄԱԿ-ի ամբիոնից դա հայտարարեց նաև Թուրքիայի նախագահը։
Բաքուն, ըստ քաղաքագետի, արդեն նաև օրակարգ է դրել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» հարցը. - «Որի հիմքում այն հայեցակարգն է, որ հարյուրհազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն և Հայաստանը պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը, պահանջելու է անկլավները և պահանջելու է «Զանգեզուրի միջանցքի» բացում, և եթե այդ երեք պայմաններից որևէ մեկից Հայաստանը հրաժարվի, դա Ադրբեջանն օգտագործելու է որպես կազուս բելի և հարձակվի Հայաստանի վրա՝ հայտարարելով, որ ես երեք տարի Հայաստանին մեկնեցի խաղաղության ձեռք, Հայաստանն այդ ձեռքը չսեղմեց, կներեք, բայց ես հարկադրված եմ այս ամեն ինչի հասնել զենքի ուժով»:
Խաղաղության պայմանագրի շուրջ հաջորդ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տասն օրից են, իսպանական Գրանադայում. Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ սեղանի շուրջ կնստեն նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդները։
Մինչև Լեռնային Ղարաբաղում վերջին հարձակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրատեսական չէր համարել հոկտեմբերի 5-ին փաստաթղթի ստորագրումը։
Երևանը փոխու՞մ է արտաքին քաղաքական կուրսը, հարց է առաջացել վարչապետի երեկվա ուղերձից հետո։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հենց այդ մեղադրանքն է այսօր հնչեցրել Երևանի հասցեին՝ պնդելով, որ ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի մեղադրանքներն անհիմն են:
«Այդ տրամաբանությունը՝ քաղաքական կուրս փոխել, քաղաքական վեկտոր փոխել, ես ճիշտն ասած չեմ հասկանում: Հայաստանը խոսում է իր կարիքների մասին, ու Հայաստանն, ակնհայտ է բոլորիս համար, որ հիմա գտնվում է մի անվտանգային համակարգում, որն իր անվտանգությունն ապահովել փաստացի չի կարողանում, ու Հայաստանը պիտի փորձի նաև որոշակի առումով այդ կոմպոնենտները ճիշտ տեղերում շարելով ապահովի իր անվտանգությունը», - ասաց Վահագն Ալեքսանյանը:
Այդ ճանապարհին, ըստ Ալեքսանյանի, Երևանը առաջիկայում կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը՝ առանց վերապահումների։ Դա ենթադրում է, որ Պուտինը պիտի ձերբակալվի, եթե Երևան այցելի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը գտնվում է մի անվտանգային համակարգում, որն իր անվտանգությունն ապահովել չի կարողանում. Վահագն Ալեքսանյան