ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը Հայաստանում է՝ անձամբ տեսնելու այն մարտահրավերները, որոնց բախվում են հատկապես Լեռնային Ղարաբաղում և զբաղվելու հումանիտար հարցերով: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։
«Ազատություն». - Արդեն 2 օր է, Դուք Հայաստանում եք՝ առաջնորդելով Կոնգրեսի պատվիրակություն։ Այսօրհանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Որո՞նք են Ձեր ուղերձները այս ուղևորության ընթացքում, և ի՞նչ եք խոսել Փաշինյանի հետ։
Գերի Փիթերս. - Ես այստեղ եմ՝ Հայաստանում, որպեսզի անձամբ տեսնեմ այն մարտահրավերները, որոնց բախվում են հատկապես Լեռնային Ղարաբաղում և զբաղվեմ հումանիտար հարցերով: Հենց դա էր վարչապետի հետ քննարկման առանցքում: Դուք գիտեք, որ ես ներկայացնում եմ հայկական սփյուռքի մի հատվածին՝ մի շատ մեծ և ուժեղ ամերիկահայ համայնք: Նրանք շատ մտահոգված են, թե ինչ է կատարվում այստեղ՝ Հայաստանում, և նրանցից շատերը Լեռնային Ղարաբաղում ունեն հարազատներ, սիրելիներ կամ բարեկամներ, և շատ մտահոգված էին հատկապես շրջափակման պատճառով: Եվ նրանց հետ քննարկումներում ասել եմ, որ ակտիվ կզբաղվեմ այս հարցով, կգնամ Հայաստան, որ անձամբ տեղեկություններ ստանամ իրավիճակի մասին։ Այս պատճառով էլ այստեղ եմ, այս ուղևորությունը պլանավորել էի որոշ ժամանակ առաջ, բայց ստացվեց այնպես, որ մեր գալը համըկնավ ճգնաժամի խորացմանը ռազմական գործողություններից հետո։
Ակնհայտ է՝ իսկապես կարևոր ժամանակ է այստեղ լինելու համար։
«Ազատություն». - Դուք արդեն եղել եք Սյունիքում նախօրեին, անձամբ չեք հանդիպել մարդկանց, որոնք հեռանում են Լեռնային Ղարաբաղից, սակայն հավանաբար գիտեք, որ երեկվանից մարդիկ լքում են իրենց տները ու գալիս Հայաստան։ Ադրբեջանի խոսքով՝ տեղի ունեցողը էթնիկ զտում չէ, պարզապես հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի տարածքում, հեռանում են Հայաստան։ Ձեր բնորոշմամբ՝ ՞ինչ է իրականում տեղի ունենում։
Գերի Փիթերս. - Ինչ տեղի է ունենում՝ լավ չէ: Չեմ կարծում, թե հստակ գիտենք՝ ինչ է կատարվում, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ միջազգային դիտորդներ գնան տարածաշրջան, որ տեղից զեկուցեն, թե ինչ է կատարվում։ Ակնհայտ է, որ հիմա, երբ մարդիկ դուրս են գալիս, մենք կլսենք նրանց պատմությունները, կիմանանք ավելին: Ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ: Թեև Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ այնտեղ տեսնելու բան չկա: Եթե տեսնելու ոչինչ չկա, ապա թող միջազգային դիտորդները ներս գնան ու համոզվեն, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես Ադրբեջանն է նկարագրում: Այդ տեղեկատվության բացակայության պայմաններում ես շատ անհանգիստ եմ, և այս ամենը գումարվում է սննդի և բժշկական պարագաների բացակայությանը շրջափակման պատճառով։
Գիտենք, որ պայմանները չափազանց ծանր են այնտեղ ապրող մարդկանց համար, և այժմ հավանաբար իրավիճակն ավելի է սրվել: Երբ ես այդ հատվածում էի, մենք արդեն հեռանում էինք, ճանապարհին տեսանք Կարմիր խաչի երեք բեռնատար, որոնք պաշարներ էին տեղափոխում: Բայց երեք բեռնատարը բավարար չէ, դա խնդրի լուծում չէ: Ինձ հատկապես հուզեցին ավելի քան 20 բեռնատարները՝ կանգնած սահմանին, որոնք Հայաստանի կառավարությունը ուղարկել էր սննդամթերքով, բժշկական պարագաներով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով բեռնված: Նրանց ներս չեն թողնում, և դա իսկապես անընդունելի է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատոր Փիթերսը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
«Ազատություն». - Բաքուն հայտարարում է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, իրենց ներքին գործն է։ Երևանն, ընդհակառակը, հայտարարում է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ ուղարկել ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահների, Բաքուն, որը լավ հարաբերություններ ունի ռուս խաղաղապահների հետ, դեմ է միջազգային խաղաղապահներին։ Կարծում եք՝ կա՞ հնարավորություն այս հարցն առաջ մղելու համար։
Գերի Փիթերս. - Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը պետք է անշուշտ առաջ մղի այդ հարցը: Կարծում եմ, որ իմ կառավարության համար կարևոր է նաև դա առաջ մղել՝ հաշվի առնելով այն պատմությունները, որոնք մենք լսում ենք, և հաշվի առնելով այն փաստը, որ առկա էր մատակարարումների կրիտիկական շրջափակում այսքան երկար ժամանակ, բնական է, որ պայմաններն իսկապես ծանր են լինելու մարդկանց համար։
Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ համաշխարհային հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու՝ ինչ է իսկապես տեղի ունենում՝ հաշվի առնելով նաև հակամարտության բնույթը վերջին մի քանի տարիներին:
«Ազատություն». - Վերջին շրջանում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները շատ լարված են։ Իսկ Բաքուն ու Անկարան շարունակում են հայտարարել, որ իրենց պետք է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանում մտավախություն կա, որ եթե նոր պատերազմ սկսվի, Հայաստանը մենակ կմնա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, իսկ Ռուսաստանը Հայաստանին չի սատարի։ Արևմուտքից հայտարարում են, որ չեն հանդուրժի զինված ագրեսիա Հայաստանի դեմ, բայց ըստ Ձեզ, ուրիշ ի՞նչ կարող են Հայաստանում մարդիկ ակնկալել Արևմուտքից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից պատերազմի պարագայում։
Գերի Փիթերս. - Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է շարունակել աշխատել հարաբերությունների վրա և ավելի ամուր հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ: Դա մեկ այլ պատճառ է, որ ինձ Հայաստան է բերել։ Կարծում եմ, որ կան բազմաթիվ հնարավորություններ, որ միասին աշխատենք, այդ թվում՝ տնտեսության աճ ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու, ամերիկյան ներդրումները Հայաստան ներգրավելու հարցում։ Բայց որպեսզի այդ ներդրումները տեղի ունենան, դուք պետք է ունենաք խաղաղություն, համախմբած տարածաշրջան, որը համաձայնության կգա խաղաղությունն ապահովելու համար, իսկ հետագայում մարդկանցից կպահանջի շարունակել այն։
«Ազատություն». - Ադրբեջանի այսպես կոչված՝ «հակաահաբեկչական գործողությունից» օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ասաց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին նա խոսել է հենց Սենատում։ Իսկ հիմա տեսնում ենք, որ մարդիկ հավանաբար ընդմիշտ հեռանում են իրենց տներից, ինչպե՞ս կարձագանքեք այս իրավիճակին որպես սենատոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 17-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6 հազար 650 անձ. ՀՀ կառավարություն
Գերի Փիթերս. - Մենք պետք է շարունակենք ագրեսիվ կերպով պահանջել միջազգային դիտորդների մուտք տարածաշրջան, ինչպես նաև պահանջենք, որ մարդասիրական բեռները հնարավորինս արագ մուտք գործեն։ Չնայած կան որոշ բեռնատարներ, որոնք շարժվում են, շատ ավելին պետք է ուղևորվի այդ տարածք: Եվ պարզապես անհավանական կարևոր է, որ մենք շարունակենք պնդել այս պահանջները և դրանք առաջ մղենք, մինչև կիրականանան։
«Ազատություն». - Կոնգրեսում քննարկումներ կա՞ն Ադրբեջանին զրկելու ԱՄՆ-ի ուղիղ աջակցությունից, ինչպես նախատեսում է 907-րդ բանաձևը, հնարավո՞ր է այն կիրառվի եկող տարի։
Գերի Փիթերս. - Քննարկում կա։ Ըստ էության, ես հենց վերջերս եմ աջակցություն հայտնել օրենսդրական նախաձեռնության, որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգների Սենատում այդ նպատակի համար: Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մենք ունենք նաև օրենսդրություն, որը կարող է նախագահին իրավունք տալ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այնպես որ Կոնգրեսում տեղաշարժ կա։ Ես աջակցում եմ այդ նախագծերը։ Մենք աշխատելու ենք, որ դրանք անցկացնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:
«Ազատություն». - Փաստորեն նաև պատժամիջոցների հնարավորություն կա։
Գերի Փիթերս. - Դա իմ նշած նախագծի մի մասն է կազմում, որ ներկայացրել ենք մի քանի գործընկերների հետ։