Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից` զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊՆույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել, ասված է հաղորդագրությունում:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո հստակ չէ զոհերի ու վիրավորների թիվը։ Վերջին անգամ հաղորդվել է 200 զոհի ու 400 վիրավորի մասին։ Հայտնի չէ, թե նաև քանի մարդ է անհետ կորած համարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում շարունակվում են զոհվածների աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները