Արցախում տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները
Արցախցիների մասսայական տարհանմանը զուգահեռ Իվանյանում հանդիպել են Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները։
Բաքուն առաջարկել է, որ Ստեփանակերտից ոչ հեռու ստեղծվի դաշտային հոսպիտալ, որտեղ համատեղ օգնություն կցուցաբերեն հայ և ադրբեջանցի բժիշները, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Առաջարկվել է նաև համատեղ շարժական սննդի կետեր ստեղծել։ Ադրբեջանական կողմից բանակցող պատգամավոր Ռամին Մամեդովը նաև ասել է, թե տեղի քաղհասարակությանը Բաքու և այլ քաղաքներ այցելելու հնարավորություն կտրվի։ Թե ինչ են պատասխանել Բաքվի այս առաջարկներին արցախյան կողմից, պարզ չէ։ Այսօր կայացած հանդիպման մասին Արցախից առայժմ որևէ տեղեկություն չեն հրապարակել։
Ադրբեջանական լրատվամիջոցների կադրերից պարզ է դառնում, որ հանդիպմանը Արցախից մասնակցել են Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ԵՄ պատվիրակության ղեկավարԻվանյանում ընթացող բանակցություններից մի քանի ժամ առաջ Բաքուն հաղորդեց այսպես կոչված՝ «հակաահաբեկչական գործողությունների» շրջանակներում առաջին ձերբակալվածների մասին։ Ադրբեջանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ից 20-ը իրականացրած այսպես կոչված՝ «հակաահաբեկչական միջոցառումների» շրջանակներում զինաթափվել և ձերբակալվել են անձինք, ովքեր կասկածվում են «ահաբեկչական գործողություններ կատարելու, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ին պայթյունների հետևանքով զոհված ադրբեջանցի 2 քաղաքացիական անձանց և 4 ոստիկանների մահվան մեջ»։ Թե ովքեր են ձերբակալվածները, քանի անձի մասին է խոսքը, որևէ տվյալ Բաքուն առայժմ չի հրապարակել։
Արցախում դեռևս տեղյակ չեն, թե Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ում է ձերբակալել։ Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։ Թադևոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հետևաբար դժվար է ասել՝ արդյոք ձերբակալվածները նրանց թվում են, թե ոչ։
«Թե կոնկրետ ովքեր են, արդյոք մեր փնտրվողների ցուցակում կան, դեռ դա հայտնի չէ, այդ ուղղությամբ աշխատանքներ ամեն դեպքում տարվում են», - ասաց նա։
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ համակարգվում են են որոնողափրկարարական աշխատանքները։ «Այս պահին բոլորը շրջաններից տարհանվում են»,- ասաց Թադևոսյանը։
Մարտակերտը լրիվ հանձնած է. քաղաքապետ
Արցախցիներն ամբողջությամբ տարհանվել են նաև Մարտակերտից։ Քաղաքապետ Միշա Գյուրջյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչները այնտեղից դուրս են եկել երեկ՝ շուրջ 1000 մեքենա և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։
Մարտակերտի քաղաքապետը, սակայն, ասաց, որ խաղաղ բնակիչների շրջանում ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ոչ հաշիվ ենք իմանում, ոչ կորած մարդ ենք իմանում»։
Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը։
Ճարտարում սպասում են վառելիքին
Եթե Մարտակերտը դատարակվել է, ապա Ստեփանակերտից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Ճարտար քաղաքում դեռ սպասում են վառելիքի։ Ճարտարցի կինն ասում է՝ հոսանք, գազ, ջուր չկա, քաղաքապետն ասել է՝ սպասեք, գուցե վաղը վառելիք տան, որ կարողանան դուրս գալ իրենց տներից։ Դեռ չգիտեն՝ ուր են գնալու, ինչ են անելու։
«Մեծ մասը դուրս է եկել, մենք մնացել ենք ընտանիքներով։ Խաղաղապահներ կան, բայց դե իրենց համար, ապրել էլ {այստեղ} հնարավոր չէ, եթե շրջափակված ես թուրքերով», - ասաց նա։
Մայրաքաղաքում նույնպես շտապում են լքել Ստեփանակերտը։ Ճամպրուկները հավաքող կինն ասում է՝ չափազանց դժվար է կտրվել հայրենիքից , բայց մնալն անհնար է. - «Ընդհանրապես ինչպե՞ս մնալ, վստահություն չկա։ Տեսաք՝ ինչեր են կատարվում։ Ամեն րոպե սպառնալիք կա»։
Մասսայական տարհանման, վառելիքի հերթերի ու քաոսային վիճակին զուգահեռ, Արցախի տեղեկատվալան շտաբը վստահեցրել է՝ ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները Հայաստան տեղափոխվելու հնարավորություն կունենան, միաժամանակ ընդգծելով, որ տեղափոխման սահմանված ժամկետներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանվածների առաջին խումբը՝ ՀայաստանումԸստ շտաբի՝ առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված քաղաքացիները:
Սամվել Բաբայանը պնդում է՝ ադրբեջանական անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել
Ի դեպ, Արցախից այս գիշեր Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը։ Նա «Ազատությանը» հայտնեց, որ ինչպես բոլորը, ինքն էլ իջել է անցակետում, փաստաթղթեր ներկայացրել։ Ամեն դեպքում, Սամվել Բաբայանը պնդեց՝ ադրբեջանական անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել։
Ի՞նչ է անելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նրանք ծրագրո՞ւմ են հեռանալ, թե՞ մնալու են Արցախում, արդյոք նրանց անվտանգությունը երաշխավորված է, դեռ անհայտ է։ Ամեն դեպքում տեղեկատվական շտաբից վստահեցրել են՝ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
Ի դեպ, իրենց հայրենի տունն ու հողը լքող արցախցիներին Բաքուն այսօր արդեն զգուշացրել է զերծ մնալ անօրինական գործողություններից, մասնավորապես գույք ու փաստաթղթեր ոչնչացնելուց։ Միաժամանակ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հաղորդում է, թե հայկական զինամթերքը արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։