ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։ Ըստ անհրաժեշտության այլ մարզերում նույնպես կեցության վայրեր կկազմակերպվեն, «Արմենպրեսին» ասել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։

Աշխատանքային խմբի փոխանցմամբ՝ այժմ իրականացվում է տեղափոխվող բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։

«Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։ Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները», - նշել են խմբից։