Ոստիկանությունը շուրջ 100, ընդդիմությունը 350 բերման ենթարկվածի մասին է հայտնում. Երևանում բողոքի ակցիաներ են

Վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են հաջակցություն Արցախի ու արցախցիների։ Քաղաքացիները, նրանց թվում՝ արցախցիներ, Հայաստանի կառավարությունից պահանջում են ապահովել Ստեփանակերտում ու Արցախի այլ շրջաններում շրջափակման մեջ մնացած իրենց հարազատների անվտանգությունը, նրանց տեղափոխել Հայաստան։

Ընդդիմության ներկայացուցիչները ևս կենտրոնական փողոցներում էին, նրանց պահանջն էլ նույն է՝ իշխանափոխություն։ Երեկվա հանրահավաքին նրանք մարդկանց կոչ էին արել, որ առավոտից սկսեն անհնազանդության ակցիաները, այդ թվում՝ շրջափակելով կառավարության շենքը, որ խափանեն նիստը։ Բայց այն այսօր սովորականից մեկ ժամ շուտ մեկնարկեց, քաղաքացիներին էլ չհաջողվեց փակել պաշտոնյաների մուտքը դեպի կառավարության շենք։ Գործադիրի մոտ մեծ թվով ոստիկաններ էին բերվել, նրանք շղթայել էին շենքի առջևի ու հետևի հատվածները։

Առավոտյան քաղաքացիները փորձեցին մի քանի փողոց փակել, սակայն ոստիկանները արագ բացում էին՝ նրանց հեռացնելով տարածքից, եղան բերման ենթարկվածներ։ Ոստիկանություն տեղափոխեցին նաև «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը և Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քեոչարյանը։ Թևանյանն ավելի ուշ ազատ արձակվեց։ Իր ձերբակալությունը նա անօրինական է որակում։

«Հայաստանի ու Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքը կամ սպառնալիքներից մեկը այս իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ, ու այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվում, որ մեզ անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրները, որոնք այսօր առկա են ու վաղն էլ են առաջանալու, էդ խնդիրները լուծել», - ասաց Թևանյանը:

Ոստիկանության վերջին տվյալով՝ բերման ենթարկվածների թիվը գրեթե հարյուր է, նրանք երեք ժամ անց, ըստ ոստիկանության, ազատ են արձակվում։ Մինչդեռ իշխանափոխություն պահանջող ընդդիմադիր գործիչների ստեղծած Ազգային կոմիտեն պնդում է, որ մոտ 350 քաղաքացի է տարվել բաժիններ։ Քաղաքացիները նաև ահազանգում էին ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու դեմքերի մասին։

Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը նրանց հավաստիացրեց, որ ցանկացած դեպքով Ներքին գործերի նախարարությունում ուսումնասիրություն կանցկացվի։

Քաղաքացիները կենտրոնացել են Հանրապետության հրապարակում որտեղ պարբերաբար փակում են հրապարակ մտնող փողոցները։ Նրանց հաջողվել է մի քանի ժամ դադարեցնել երթևեկությունն այդ ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցների թվում նաև ուսանողներ կային, նրանք ավելի վաղ համալսարաններում դասադուլ անելու կոչեր էին հնչեցրել։ Այսօր նման կոչեր նաև Գյումրիում են հնչել։

Համացանցում տարածված տեսանյութերից էլ պարզ է դառնում, որ մեկ ճանապարհ էլ փակվել է Գեղարքունիքի մարզում՝ Նորատուսի հատվածում։

Թե երեկոյան հանրահավաքից հետո ինչ են պատրաստվում անել քաղաքացիները՝ դեռ հայտնի չէ։ Ընդդիմությունը ևս դեռ լռում է։ Միայն այսօր կառավարության շենքի առջև ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ օրվա ընթացքում շարունակելու են անհնազանդության ակցիաները:

Մի միջադեպ էլ այսօր տեղի է ունեցել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև․ երկու երիտասարդներ կարմիր ներկ են շփել դեսպանատան պատերին։ Տղաները չեն բացատրել իրենց այս քայլը, ներկը պատերին շփելուց հետո հեռացել են դեսպանատան տարածքից։