Հայաստանի կառավարությունը կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և դրական տեղաշարժի հույսեր կան, այսօր առավոտյան կառավարության նիստին հայտարարեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք: Ինչի՞ մասին է խոսքը կամ ի՞նչ նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ դրական զարգացումների հույսեր կան, նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ», - նշեց վարչապետը:
Թե մասնավորապես ի՞նչ դրական զարգացումներ են ակնկալվում, Փաշինյանը չմանրամասնեց, սակայն իրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի մեքենաները գնացել են շրջափակված Մարտունի, տեղափոխել վիրավորների: Սրանից բացի Բաքուն հայտարարել էր, թե չի խոչընդոտելու քաղաքացիական անձանց տեղաշարժը Ստեփանակերտ -Լաչին ճանապարհով։
Նման շարժի ու հնարավորության մասին տեղեկությունը «Ազատությունը», սակայն, Ստեփանակերտից չի ստացել, միայն պաշտոնապես հաղորդվեց է, թե ռուս խաղաղապահների միջնորդությամբ, քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչ արցախցիները տեղափոխվելու օգնություն են խնդրում, վարչապետը հայտարարում է՝ էվակուացիան պլան «Գ»-ն էՀայաստանի կառավարության ղեկավարը այսօր ևս վերահաստատեց, որ Երևանի պլան «Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, եթե նրանց ապրելն այնտեղ անհնար չդառնա։
«Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը, այսինքն, այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, առկա է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մարդկանց հնարվոր հոսքի դեպքում կառավարությունը նախապատրաստվում է, նախատեսվել են ավելի քան 40 հազար կեցավայր, առողջապահական ու այլ անհրաժեշտ ծառայություններ։
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով Սյունիքի մարզի Կոռնիձորում կհիմնվի հումանիտար կայան` մարդկանց հնարվոր հոսքի դեպքում օգնություն ցուցաբերելու համար, կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 16 միլիոն դրամ։
«Բոլորի փրկվելու աղերսը այնտեղից դուրս գալն է»
Մինչ այդ արցախցիների շրջանում անորոշություն է, բայց գոնե «Ազատության» զրուցակիցների մոտ երկու կարծիք գրեթե չկա, Պաշտպանության բանակի զինաթափումից հետո որևէ մեկը չի պատկերացնում, թե կարող են Արցախում ապահով ապրել՝ ադրբեջանցի զինվորների կողքին։
Շուշիի նախկին բնակիչ Անի Կապլանյանն ասում է՝ Երևանից կապի մեջ է Արցախում մնացած հարազատների ու ընկերների հետ. - «Բոլորի ցանկությունը, խնդրանքը, փրկվելու աղերսը այնտեղից դուրս գալն է»:
Մինչ պարզ չէ, կբացվի Լաչինի միջանցքը մարդկանց՝ Արցախից դուրս գալու համար, թե՝ ոչ, Հայաստանում տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ու խմբեր սկսել են օգնություն հավաքել արցախցիների համար, ենթադրելով, որ երբ նրանք գան Հայաստան տանիքից բացի սննդի, հագուստի ու հիգիենայի պարագաների կարիք կունենան։
Աշխատանքի ու սոցհարցերի նախարարությունը երեկ հորդորեց չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումից խուսափելու համար, միևնույն ժամանակ «Ազատությանը» հայտնի է, որ նախարարությունը հանդիպումներ են անցկացրել 2020-ի պատերազմի ժամանակ օգնության հարցերով ակտիվ զբաղված անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչները հետ աշխատանքները կոորդինացնելու համար։
Անորոշ իրավիճակում «Ազատության» հետ զրույցում շատերը նշում են, որ չեն կարող ձեռքերը ծալած նստել:
«Վորլդ Վիժն Հայաստանն» արդեն ձևավորել է ճգնաժամային կառավարման խումբ և նախապատրաստվում ենք հավանական որևէ իրադարձության, որպեսզի կարողանանք տարբեր տեսակի օգնություն տրամադրել մարդկանց», - ասաց «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
Չնայած նախապատրաստական աշխատանքին, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրենը ևս նշում է, որ, այնուամենայնիվ, տեղեկություն չունեն, թե երբ ու քանի արցախցու սպասել Հայաստանում։