Հայաստանի անկախության օրվա տոնական բոլոր միջոցառումերը մայրաքաղաքում ու մարզերում չեղարկվել են։
Շնորհավորական ուղերձներ Հայաստանի ղեկավարներն ամեն դեպքում հղել են։ Վարչապետ Փաշինյանը ուղիղ չի խոսել Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն հայտարարել է, որ «անկախության ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, բայց պետականության ու ապագայի պետք է անցնել այդ ճանապարհը»։
«Սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ», - հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը նորից անդրադարձել է 91-ի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրին՝ կրկնելով, որ Երևանը չի հրաժարվելու այդ այդ փաստաթղթից։ Ըստ դրա, նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախն՝ Ադրբեջանի կազմում։
«Արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները: Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ապա Փաշինյանը շարունակել է, որ անկախությունը բարձր նպատակ է, բայց, այնուամենայնիվ, միջոց է ավելի մեծ նպատակի իրագործման համար, որն ազատ բարեկեցիկ, ժողովրդավար ու արդար Հայաստանն է և հիշեցրել է, որ 2021 թվականի ամռանը մարդիկ իրենց քվեն տվել են նաև «Ապագա կա՛» կարգախոսին:
Մինչ այդ այսօր Երևանի փողոցներում մարդիկ «Ազատության» հետ զրույցում նշում էին, որ խոսելու տրամադրություն չունեն՝ ոչ անկախության, ոչ ապագայի, ոչ էլ իշխանությունների հայտարարությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում.