Մատչելիության հղումներ

Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա, միայն այն է, որ խաղաղ մթնոլորտում ամեն ինչ անցկացվի. Դավիթ Բաբայան


Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկու կողմից էլ բարձրացված տարբեր հարցեր, «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Զրույցը ստորև.

«Ազատություն». - Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվլախում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը։

Դավիթ Բաբայան. - Մեր պատվիրակությունը վերադարձել է Եվլախից։ Մենք էլ ենք արդեն տեղեկությունը տարածել: Խնդիրն ինչի՞ մեջ է. ուրեմն, հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են, իհարկե, երկու կողմերի համար էլ, երկու կողմից էլ բարձրացված տարբեր հարցեր։ Ամենակարևորն այստեղ այն է, որ նշվել է հատուկ, որ բոլոր քննարկումները պետք է լինեն խաղաղ մթնոլորտում, այսինքն՝ պատերազմական գործողություններ, պատերազմի սպառնալիքներ և այլն, ընդհանրապես դրանք չեն նպաստում երկխոսության չէ՞ կամ տարբեր հարցերի քննարկման։

Որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռևս չկա, միայն այն է, որ խաղաղ մթնոլորտում ամեն ինչ անցկացվի, և այդ հանդիպումները կլինեն շարունակական, տեսնենք։ Տարբեր հարցեր կան, որոնք բարդ են և մեկ հանդիպման ընթացքում դժվար թե կարգավորվեն կամ լուծվեն։

«Ազատություն». - Ի՞նչ կոնկրետ քայլեր եք ակնկալում Ադրբեջանից այս հանդիպումից հետո։

Դավիթ Բաբայան. - Նախ՝ որևէ սպառնալիք պատերազմի, դա կարևորվել է երկուստեք, իրենք էլ են դրա մասին խոսացել։ Բազմաթիվ հարցեր կան, մենք ունենք խնդիրներ, մենք ունենք մարդիկ, որոնք փաստորեն կտրված են Արցախից, հազար ու մի խնդիր կա՝ հումանիտարից սկսած, վերջացրած ենթակառուցվածքներում, մի կողմ դնենք քաղաքականը հիմա, քաղաքականը դեռևս շատ հարցեր կան մինչև հասնելը։

«Ազատություն». - Իսկ քաղաքական առումով, պարո՛ն Բաբայան, Դուք այս հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում։

Դավիթ Բաբայան. - Մենք այն վիճակում ենք, որ նման հանդիպումը անհրաժեշտություն է, և անհրաժեշություն է ինչի՞ համար, որ մենք մեր ժողովրդին փրկենք ֆիզիկական ոչնչացման վտանգից, և ստիպված գնում ենք նման հանդիպումների և եթե կարողանանք բանակցությունների միջոցով տարբեր հարցեր կարգավորենք և մարդկանց կյանքը փրկենք, սա է ամենակարևորը։

«Ազատություն». - Արցախյան պատվիրակության ներկայացուցիչներն ի՞նչ են պատմում, ինչպե՞ս է անցել հանդիպումը։

Դավիթ Բաբայան. - Գործնական, գործնական, անցել է գործնական մթնոլորտում, աշխատանքային քննարկել են, որևէ սպառնալիք չի ներկայացվել, որևէ խնդիր այնտեղ չի եղել։ Մենք երբեք չենք ստել, ինչ կա, այն ենք ասում։


XS
SM
MD
LG