Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր

Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնակից ի վեր խաղաղ բնակիչներ են տարհանվել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման ուղղությամբ։

«Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Նրանց օգնում են ՌԴ հատուկ նշանակության զորքերի բժշկական ստորաբաժանման զինվորականները», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Բաքուն զոհերի ու վիրավորների թիվ չի հրապարակել։

Ստեփանակերտը երեկ հաղորդեց, որ Արցախի իշխանությունները համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը։ Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։ Բաքուն էլ հայտարարեց՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ