Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին։
Ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ դատարանին ծանուցվել է առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։
Երեկ էլ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Երևանը, մասնավորապես, պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ