Քաղաքացիական բնակչության շրջանում՝ 2 զոհ, 1-ը՝ երեխա, 26 վիրավոր, 11-ը՝ երեխա. Արցախի ՄԻՊ

Արցախ - Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում, 19-ը սեպտեմբերի, 2023թ.

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ այսօր սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ, որոնցից մեկը՝ երեխա, 26 վիրավոր, այդ թվում 11-ը՝ երեխա։

Ստեփանյանն ընդգծեց, որ զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը՝ քաղաքացիական անձանց և զինվորականների, դեռ իրեն հայտնի չէ, «բայց տասնյակների է հասնում՝ հաստատ 50-ից ավելի, վիրավորները, ոչ թե զոհերը»:

«Երեխաները հիմնականում թիրախավորվել են տարբեր համայնքներում՝ գյուղական համայնքներում, այդ հարձակումը սկսվել է ուսումնական պրոցեսի ընթացքում, երեխաները դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին են եղել: Տարբեր համայնքներում երբ որ թիրախավորվել են բնակավայրերը, նաև երեխաներ են տուժել», - նշեց Արցախի օմբուդսմենը:

Ի պատասխան հարցի՝ զոհված երեխան քանի՞ տարեկան էր, Ստեփանյանն ասաց. - «Մանրամասները՝ ավելի ուշ: Տասը տարեկանի կարգի է, բայց հիմա ուղղակի անհնար է բոլոր մանրամասները հավաքագրել, որովհետև բժշկական անձնակազմն էլ է շատ ծանրաբեռնված աշխատում, ավելի ուշ բոլոր մանրամասներով տվյալները կհավաքագրենք»:

Արցախցիներին նախապես կարճ հաղորդագրություններով զգուշացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, շեշտեց Արցախի օմբուդսմենը, «կեղծիք է, կեղծիք է՝ այդ հայտարարությունները, որոնք տարածում է Ադրբեջանը, ուղղակի իր ցեղասպանական քաղաքականությունը սպասարկելու նպատակներ է հետապնդում»:

Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ 13֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ