Կրակի ինտենսիվությունը շփման գծում այս պահի դրությամբ էականորեն նվազել է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
Արցախի ՊՆ-ն նաև նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:
Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։