Ուղղորդումներ ընտրատեղամասերում, քվեարկության գաղտնիության խախտումներ, կուտակումներ. սրանք դիտորդական կազմակերպությունների այսօրվա բացահայտումներն են ժամը 5-ի դրությամբ։ «Անկախ դիտորդ», «Ականատես» և «Հայաքվե» դիտորդական կազմակերպություններն արդեն հրապարակել են արձանագրած խախտումները։ Այս պահի դրությամբ տեղական դիտորդները ընտրակաշառքի մասին ահազանգ չեն ստացել։
«Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև եղել են մեկից ավելի խախտումներ արձանագրված «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն»,«Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։ Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեր դիտորդները արձանագրել են ուղղորդում, որոնցից 4-ը պարբերաբար կրկնվել են և եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից, այն է՝ 6/13, 9/56, 9/57 և 9/6», - ասաց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ կուտակումները ընտրատեղամասերի փոքր մասում են նկատել։ Նրա գնահատմամբ՝ դրանք ստեղծում են այսպես կոչված «տասովշչիկները» կամ ինչպես Իոաննիսյանն է նրանց անվանում՝ «ձայնային ձեռներեցները»։ Նրանք, ըստ դիտորդի, հիմնականում աշխատում են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ընտրություններ անցկացվեցին. քվեարկել է ընտրողների 28,46 տոկոսը
«Բավական զանգվածային մենք տեսնում ենք այսպես կոչված՝ «ձայնային ձեռներեցների», ես ներողություն եմ խնդրում, հաճախ դա է հայտնի է «տասովշչիկ» անվամբ, որոնք ընտրողներւն ուղեկցում են, ուղղորդում են»։
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչն ասում է՝ որոշ տեղամասերում ընտրական գործընթացին խառնվել են նաև քրեական հեղինակությունները. - «Քանաքեռ-Զեյթունում մենք նկատել ենք, որ մի կոնկրետ մարդ, որը քրեական հեղինակության շրջանակների հետ է կապված, տեղամասից տեղամաս է գնում և հանդիպում է ամեն տեղամասում ՔՊ-ի ներկայացուցիչներին, տեղամասում կամ տեղամասից դուրս գործող ձայնային ձեռներեցին, և արդեն չգիտեմ՝ իրենք ինչ են խոսում, բայց ինչ-որ խոսակցություն է ունենում և գնում է մյուս տեղամաս, և մեր խումբն էլ իր հետևից շրջում է, գաղտնի դիտարկում է, թե ինչ գործունեություն են իրականացնում»։
«Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Նարինե Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ տեղամասերից մեկում նկատել են, թե ինչպես է մի քաղաքացի երկու անգամ մի խումբ մարդկանց հետ մտել տեղամաս, ինչն արգելված է օրենքով։ Վստահված անձն այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որը, սակայն, հրաժարվեց «Ազատության» հետ խոսել տեսախցիկի առջև։
«Տվյալ մարդը մոտիկացել է և ներկայացել, որ եկել է, ինձ մոտ դա տարօրինակ է թվացել, և այդքան էի ես ուղղակի ասել, որ մի քիչ տարօրինակ է, զուտ այդքանն էր», - ասաց Ղազարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ4/13 ընտրատեղամասում, պարզվում է, որ քվեաթերթիկները գիշերը պահարանում չեն եղել, տելեգրամյան ալիքում է վստահված անձը պատմել այդ մասին։ Մինչդեռ, հանձնաժողովի նախագահ Լիլիա Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ինքը քվեաթերթիկները տեղավորել է պահարանում ու դուրս եկել. - «Քվեաթերթիկները պահվել են այս պահարանի մեջ՝ զմռսված վիճակում, փակված, սոսնձված, տակի դարակի մեջ, կնիքն է, անհրաժեշտ է բոլոր պարագաները, զմռսել եմ երեկոյան, հանձնել եմ ոստիկաններին և դուրս եմ եկել տեղամասից։ Քանի որ զանգեցի, դպրոցում էլ, ճիշտն ասած, սեյֆը չկար, տենց թողել եմ, դուրս եմ եկել ու իմացա, որ տենց խնդիր չկա, այսինքն՝ նորմալ է, կարևորը փակ վիճակում է եղել։ Հետո զանգել եմ, վստահված անձանց ձայն բարձրացնելուց հետո, զանգել եմ, էնդեղից բերել են, հասցրել են, բոլորի ներկայությամբ՝ կամեռաների տակ, բոլոր մեջի քվեաթերթիկները, անհրաժեշտ պարագաները տեղափոխել եմ սեյֆ»։
9/56 տեղամասում «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը պատմեց՝ տեսել է, թե ինչպես է իշխող ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում մարդկանց. - «Ով մտնում է տեղամաս՝ գնում է, իրեն ողջունում, ասում՝ դու՝ էս կողմ, դու՝ էն կողմ։ Նա նստած էր հենց ընտրատեղամասի մուտքի կողքին և բոլորի հետ շփվում էր, բոլորի հետ ջերմ հարաբերություններ։ Ես մոտենում եմ նախագահին և խնդրում եմ, որ վերահսկի իրավիճակը, և տվյալ անձը կատարի միայն իրեն ընձեռված պարտականությունները, ցանկանում եմ տվյալ իրավիճակը արձանագրել, նախագահը և քարտուղարը սկսում են նույնիսկ անձնական բնույթի վիավորանքների շարք»։
Վստահված անձը պնդում էր, թե ընդամենը հարևաններին է օգնել կողմնորոշվել տեղամասում. - «Որպես Նորագյուղի հին բնակիչ՝ 50 տարուց ավելի է՝ ես այս թաղամասում ապրում եմ, ինձ ուղղակի թաղի բնակիչները հարցրել են՝ փոքր համարները ո՞ր կողմն են, մեծը՝ որը, իմ հարևաններն են, ո՞նց կարայի ես իրենց չասեի։ Այսօր ընտրություն է, վաղը իրենց հետ պիտի սուրճ խմեմ չէ՞, ո՞նց կարելի է։ Ես ասել եմ՝ աջ էն ա, ձախ էն ա, ուրիշ առանձնակի ոչ մի բան էլ չեմ ասել։ Չէ, չեմ ընդունում (ուղղորդում անելը-խմբ.), ես նման հաղորդում չեմ արել, ես ընդամենը իմ հարևաններին բարև-բարլուս եմ արել ու աջ ու ձախ եմ ասել՝ գնացեք աջ, գնացեք ձախ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչու է վարչապետի կինը գրանցված մի ընտրատեղամասում, քվեարկել մեկ այլ ընտրատեղամասում
Իրավապահ մարմիններն ավելի պասիվ են իրենց հաղորդումներում. Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ ժամը երկուսի դրությամբ ուսումնասիրել են առերևույթ ընտրական հանցանքի մասին հաղորդում պարունակող չորս դեպք, դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ մեկ ուրիշի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ հարկադրելուն։ Մյուս երկու հաղորդումը, որոնց բովանդակությունը դատախազությունը չի բացահայտում, ուղարկել են Քննչական կոմիտե՝ ստուգման։
Իսկ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է 26 հաղորդում, որից 7-ի վերաբերյալ հարուցվել են քրեական վարույթներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ առավոտից էլ ստացվել է ստուգման ենթակա 3 տեղեկություն։
Ի դեպ, «Ազատությունն» այսօր արձանագրել էր, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը քվեարկեց ոչ այն ընտրատեղամասում, որտեղ, ըստ ԿԸՀ-ի կայքում տեղադրված ընտրողների ռեգիստրի՝ գրանցված է, այլ ամուսնու հետ նույն տեղամասում։ Արդյոք դա խախտո՞ւմ չէր. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է, որ Հակոբյանի անունը եղել է այն ընտրատեղամասում, որտեղ նա քվեարկել է։ Ըստ Սմբատյանի՝ ընտրողների ռեգիստրում կարող են արտացոլված չլինել վերջին մեկ ամսվա թարմացումները։ Վերջնական ցուցակները փակցված են տեղամասերի պատերին ու ոստիկանության կայքում։ Ոստիկանության կայքում տեղադրված ցանկում Աննա Հակոբյանը իսկապես ամուսնու հետ նույն տեղամասում է գրանցված։ Պարզ չէ, սակայն, թե ինչու է ընտրությունները կազմակերպող ԿԸՀ-ի կայքում հրապարակվել չթարմացված ցուցակը։