Արցախի իշխանությունները որոշել են ընդունել Լաչինի միջանցքով և Աղդամով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով, հայտարարում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաղորդագրության մեջ շտաբը նախ նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է:
«Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ)», - նշված է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Արցախում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով:
Ռուսական մեկ բեռնատար օգնության համար Աղդամի ճանապարհը բացվեց մոտ մեկ շաբաթ առաջ։ Լաչինը, սակայն, շարունակում է փակ մնալ։ Երբ Արցախի իշխանությունը համաձայնեց ընդունել Աղդամով ռուսական բեռը, հայտարարեց Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից վերականգնվելու հարցով պայմանավորվածության մասին։
Մանրամասները տե՛ս այստեղ