Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության12 տոկոս կունենայինք. Տիգրան Ավինյան

«Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէի՞նք ունենա։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են», - այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նա պնդեց՝ տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց մեղադրելու մեջ որևէ տրամաբանություն չկա. - «Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց», - ասաց նա։

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ընտրացուցակներում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 381 անճշտություն, որոնցից 225 դեպքով՝ մահացած անձանց տվյալներ:

«Ցուցակները բաց են եղել, կարող էին լինել անճշտություններ, բայց ընտրություններից հետո կարող եք ստուգել՝ ովքեր են գնացել ընտրության», - շեշտեց իշխանության քաղաքապետի թեկնածուն՝ շարունակելով. - «Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական ռեսուրսկի կիրառումը կամ այդ մարդկանց հավաքների բերումը որևէ տրամաբանություն չունի, խնդրում եմ եկեք գոնե մեղադրանքների տրամաբանական շղթան մի տեղ չկորցնենք»։