Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին կայցելի Միացյալ Նահանգներ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները։
Չորեքշաբթի Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում, ապա կուղևորվի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի անդամների հետ։
Այցը տեղի է ունենում Բայդենի վարչակազմի կողմից Կիևին 20 միլիարդ դոլարի օգնությունը Կոնգրեսի հավանությանն արժանացնելու փորձերի ֆոնին։
Վերջին անգամ Զելենսկին Վաշինգտոն է այցելել անցած տարվա դեկտեմբերին։ Այն ժամանակ Կոնգրեսում նրա ելույթը մեծ ոգևորությամբ ընդունվեց կոնգրեսականների և սենատորների կողմից։
Ամերիկացի օրենսդիրների ճնշող մեծամասնությունը շարունակում է աջակցել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության տրամադրմանը։ Սակայն, ըստ հասարակական կարծիքի հարցումների, աճում է այն ամերիկացիների թիվը, ովքեր Կիևի աջակցության մակարդակը չափազանց բարձր են համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացիները հայտնում են ռուսական թանկարժեք ՀՕՊ-ը ոչնչացնելու մասին