Հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ

Հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ՝ ԱՄՆ-ի 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։

Այսօր նրանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ միասին հետևել են վարժանքի ակտիվ փուլին։

Սեպտեմբերի 11 -ից «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկած «Արծիվ գործընկեր» զորավարժությանը մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի գեներալ Անդերսոնը խոսել է Հայաստանի հետ բազմակողմ համագործկացության կապերի մասին։

«Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը», - ասել է Անդերսոնը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ շեշտել է, որ
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ Միացյալ Նահանգների երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է։

«ԱՄՆ-ն ունի երկարամյա համագործակցություն Հայաստանի հետ, և մենք ուրախ ենք, որ այս համատեղ զորավարժությունն օգնում է ուժեղացնել մեր համագործակցությունը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղապահ առաքելության շրջանակում, և զորավարժությունը, որին ականատես ենք, ցույց է տալիս ստորաբաժանումների բարձր կարողությունը, ներդաշնակ գործելաոճը և մասնագիտական հմտությունը։ Կարծում ենք, որ այս համագործակցությունը կլինի շարունակական և կխորացնի փոխգործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև», - նշել է նա։


Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները նաև նպատակ ունեն բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ Գործընկերություն հանուն խաղաղության «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցած 5 օրերի ընթացքի մասին ոչ հայկական և ոչ էլ ամերիկյան կողմը որևէ տեղեկություն չեն տրամադրել։ Հայտնի է միայն, որ վարժանքի ընթացքում չի կիրառվում ծանր զինտեխնիկա, միայն հրաձգային զինատեսակներ։ Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 20-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքի մասին ո՛չ հայկական, ո՛չ ամերիկյան կողմը տեղեկություններ չեն հայտնում